Բավ է պառակտվել
09-03-2017 13:45

Ֆրանսիան կշարունակի Հայոց ցեղասպանության մասին իրազեկելու աշխատանքները. Օլանդ

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ իր երկիրը կշարունակի 1915թ. Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության մասին տեղեկություններ տարածելու գործը:
«Ինձ համար մեծ պարտականություն և պատիվ էր՝ 2015 թվականի ապրիլի 24-ին՝ Ցեղասպանության 100-ամյա տարելիցին, Երևանում գտնվելը», - ինչպես հաղորդում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, նախօրեին Փարիզում նախագահ Սերժ Սարգսյանի պատվին տրված պաշտոնական ընդունելության ժամանակ այդ մասին հայտարարել է Ֆրանսուա Օլանդը:
« Կրակի մոտ ծաղիկ դնելով՝ ես ուզում էի իմ վկայությունը բերել այն պայքարին, որ տանում է Ֆրանսիան, որպեսզի երբեք չմոռացվի այն ողբերգությունը, որի հետևանքով հայ ժողովրդի մի մասը սրի քաշվեց, իսկ մյուս մասը` սփռվեց աշխարհով մեկ»,- հայտարարել է Ֆրանսիայի առաջնորդը:
Նա ընդգծել է, որ Ֆրանսիան միշտ էլ պայքարել է մոռացության և ժխտման դեմ, քանի որ դա հանգեցնում է մի հետևանքի՝ կոտորածներն այսօր էլ հնարավոր դարձնելուն:
Օլանդը ընդգծել է, որ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու օգտին իր դիրքորոշումը հայտնի է բոլորին:
«Չարժե հիշեցնել այն՝ ինչ արդեն արվել է 2001 թվականի հունվարի 29-ից հետո, երբ օրենք ընդունվեց այն մասին, որ Ֆրանսիան հրապարակայնորեն ճանաչում է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը»,- ասել է Օլանդը:
Նա հիշեցրել է, որ Սահմանադրական դատարանը, որի որոշումները պարտադիր կերպով ենթակա են կատարման, արձանագրել էր, որ նման ձևակերպումը անհամաչափորեն վնասում է արտահայտվելու ազատությանը:
« Այդ պատճառով Ֆրանսիան կշարունակի գործել հօգուտ Հայոց ցեղասպանության վերաբերյալ գիտելիքների, և գիտահետազոտության արդյունքների տարածման, որպեսզի այս ճշմարտությունը ճանաչվի»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահը:
1915թ. Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է: Թուրքիան ավանդաբար հերքում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ 1,5 մլն հայերի մասսայական ոչնչացման փաստը, և շատ ծանր է տանում Հայոց ցեղասպանության վերաբերյալ Արևմուտքի կողմից իրեն ուղղված մեղադրանքները:
Հայոց ցեղասպանության փաստը ընդունվել է մի շարք պետությունների կողմից, որոնց թվում են Ուրուգվայը, Ռուսաստանը, Ֆրանսիան, Լիտվան, Գերմանիայի Բունդեսթագը, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Ամերիկայի Միացյալ Նահանգների մեծ մասը, ինչպես նաև Ավստրիայի, Չիլիի, Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի Ազգային Խորհուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների Պալատը և Լեհաստանի Սեյմը: