Բավ է պառակտվել
09-08-2016 17:10

Սպառազինության համար ռուսական վարկի պայմանագրերը գրեթե ամբողջությամբ համաձայնեցված են.ՀՀ ՊՆ

Հայաստանի համար ռուսական վարկի պայմանագրերը գրեթե ամբողջությամբ համաձայնեցված են, երեքշաբթի լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը սահմանի հյուսիս–արևելյան հատված կատարած այցի ընթացքում։

Նրա խոսքով` ԶՈւ–ն զենքով, ռազմական տեխնիկայով համալրումն ու զինված ուժերի արդիականացումը Հայաստանի և ԼՂՀ–ի ռազմաքաղաքական ղեկավարության առաջնահերթություններից մեկն է, և այս ուղղությամբ հետևողական աշխատանք է իրականացվում։ Ընդ որում, ինչպես նշեց նախարարը, Հայաստանն այդ նպատակով օգտագործում է ինչպես սեփական հնարավորությունները, այնպես էլ այլ երկրների հետ ռազմատեխնիկական համագործակցության ներուժը։

Ռազմական նշանակության ռուսական արտադրանքի մատակարարման ֆինանսավորման նպատակով Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունները ստորագրել են Երևանին տասը տարի ժամկետով մինչև 200 մլն դոլարի պետական արտահանող վարկի տրամադրման համաձայնագիրը` մինչև 2018 թ. վճարի տարկետման հնարավորությամբ։

«Ինչ վերաբերում է ռուսական վարկին և դրա շրջանակում սպառազինության ու ռազմական տեխնիկայի տրամադրմանը, ապա պայմանագրերը գրեթե ամբողջությամբ կնքված, համաձայնեցված են, ավարտված են ներպետական ընթացակարգերը», – ասաց Օհանյանը։

Նրա խոսքով` մատակարարումներն իրականացվում են գոյություն ունեցող միջոցների և նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների հաշվին։

Նախարարը հիշեցրեց, որ այդ հարցերը գաղտնի են։ Նա կոչ արեց հասարակությանն այդ խնդիրների լուծումը վստահել ռազմաքաղաքական ղեկավարությանը։

«Ուզում եմ, որպեսզի մեր ժողովուրդը հանգիստ լինի։ Ես արդեն նշել եմ, որ մենք համագործակցում ենք նաև ՏՏ ոլորտի հետ, մասնավորապես, սպառազինության ժամանակակից միջոցների դեմ պայքարի համար», – հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարը։

Խոսելով Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում ուժերի հավասարակշռության խախտման սպառնալիքի մասին, որը, ինչպես Հայաստանում շատերն են կարծում, կարող է խախտել ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում` Օհանյանը նշեց, որ հայկական կողմն այդ մասին իրազեկել իր ռազմավարական դաշնակցին։

Նախարարը հայտարարեց, որ հայկական կողմը մտահոգված է այդ փաստով։ Նա ավելացրեց, որ իրավիճակը վերահսկողության տակ է։ «Մենք ավելի շատ մտածում ենք մեր բանակի արդիականացման մասին», – ասաց նա։