Բավ է պառակտվել
19-07-2014 10:50

Մեկնարկեց ՛՛Օրինաց Երկիր՛՛ կուսակցության հանրահավաքը

Երեկ, հուլիսի 18-ին Ազատության հրապարակում մեկնարկեց ՕԵԿ-ի հրավիրած հանրահավաքը: «Ո՛չ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը»,- ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանի վանկարկումից հետո տրվեց հանրահավաքի մեկնարկը: Սակայն մինչ նրա ելույթը ներկա քաղաքացիներից մեկը, դիմելով հարթակում հավաքվածներին, գոռաց՝ դավաճաններ: Նրա վրա ջուր լցրեցին եւ անմիջապես հեռացրին տարածքից:
ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը նշեց, որ պետք է «ո՛չ» ասել ցանկացած թանկացմանը:
Ելույթ ունեցավ նաև ԱԺ ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը: Նա հայտարարեց, որ քաղաքացիների ներկայությունը փաստում է, որ իրենք չեն սխալվել իրենց դավանանքներում եւ որ հպարտ են իրենց անցած ճանապարհով: «Ձեր իրավունքները պաշտպանելու համար կամք ու վճռականություն եք դրսեւորել, անկախ նրանից, թե ովքեր են հանրահավաքի կազմակերպիչները, սա մեզանից յուրաքանչյուրի հանրահավաքն է, հավաքական բողոք արտահայտող հանրահավաք է»,- հայտարարեց Հ. Բիշարյանը:

Նրա խոսքերով՝ իրենց հետ են նաեւ այն քաղաքացիները, ովքեր այստեղ չեն, սակայն մտահոգված են էլեկտրաէներգիայի թանկացմամբ: «Էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնողները գրպանահատներ են, հասարակ ժուլիկներ, եւ մենք պետք է փակենք այդ ժուլիկի առջեւ մեր գրպանը: Եկել է բոլոր թանկացումների առջեւ մեր գրպանները փակելու ժամանակը»,- հայտարարեց Հ. Բիշարյանը: Ապա նա նշեց, որ ՕԵԿ-ի համար անհասկանալի ու անթույլատրելի է թանկացումը: Նրա խոսքերով՝ ՕԵԿ-ը մշտապես հավատարիմ է եղել իր արժեքներին: «Պայքարելու ենք ցանկացած անօրինականության դեմ եւ պետք է համառորեն կռվենք հանուն մեր Հայաստանի, մինչեւ քսանհինգ տարեկան Հայաստանը կկերտի իր իրական ազատության, անկախության եւ արդարության արձանը»,- եզրափակեց ԱԺ պատգամավորը: