Բավ է պառակտվել
19-09-2014 19:07

Vatican Insider-ի անդրադարձը Նախագահ Սերժ Սարգսյանի` Վատիկան կատարած պաշտոնական այցին

Իտալական առաջատար Vatican Insider պարբերականը, անդրադառնալով Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Սուրբ Աթոռ կատարած պաշտոնական այցին, գրել է, որ Հայաստանի նախագահը Հռոմի Վիտտորիանո թանգարանային համալիրում մասնակցել է «Արևելքի առակ. Քրիստոնեությունը նոր հազարամյակի մարտահրավերների առջև» խորագրով լուսանկարների ցուցահանդեսի բացման արարողությանը, իսկ այսօր արդեն Վատիկանում պաշտոնապես կհրավիրի Ֆրանցիսկոս պապին` ներկա գտնվել Երևանում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի արարողությանը:
Պարբերականի փոխանցմամբ` Նախագահ Սարգսյանը Վիտորիաննո համալիրում ունեցած ելույթում նշել է. «Մի քանի ամսից մենք խնկարկելու ենք Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը՝ մարդկության դեմ գործված մի հանցագործության, որը, ավաղ, մինչ օրս պատշաճ գնահատականի չի արժանացել: Բայց այլընտրանք պարզապես չկա. այդ գնահատականը վաղ թե ուշ լինելու է, լինելու է ամբողջական, համապարփակ և միարժեք»:

Անդրադառնալով «Արևելքի առակ. Քրիստոնեությունը նոր հազարամյակի մարտահրավերների առջև» խորագրով լուսանկարների ցուցահանդեսին` պարբերականը նշում է, որ այն կազմակերպվել է Ժողովուրդների բարեկամության ամենամյա փառատոնի շրջանակներում, Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ և նրա հովանու ներքո:

«Ցուցահանդեսում արտացոլված է Մերձավոր Արևելքի քիրիստոնյա բնակչության ծանր դրությունը: Մի լուսանկարում, օրինակ պատկերված է Դիարբեքիր քաղաքի քահանան, որտեղ 1869 թվականին քրիստոնյաների թիվը 21 000 էր, իսկ հիմա մնացել է ընդամենը վեց ընտանիք: Մեկ այլ լուսանկարում պատկերված է Իրաքի և Քուրդիստանի ինքնավար մարզի միջև գտնվող Քարաքոշ գյուղը, որտեղից իսլամական ծայրահեղականների վերջին օրերի գործողությունների արդյունքում բռնի տարհանվել է ավելի քան 100 հազար քրիստոնյա: Ահա վերջին լուսանկարները` ավերված եկեղեցիներ, քանդված կոթողներ, այս ու այն կողմ վազող մարդիկ»,- անդրադառնալով «Արևելքի առակ» խորագրով ցուցահանդեսին` գրել է պարբերականը:

Պարբերականի փոխանցմամբ` Սանտ Էջիդիո համայնքի նախագահ Մարկո Իմպալիացցոն նշել է, որ լուսանկարները փաստում են քրիստոնյա բնակչության իրապես զոհ լինելու հանգամանքը, և որ այդ հարցը պետք է միջազգային մակարդակով լուծում ստանա:

Ինչպես նշում է պարբերականը, Սուրբ Աթոռի մշակույթի հարցերով քահանայապետական խորհրդի նախագահ կարդինալ Ջանֆրանկո Ռավազին ցուցադրության ժամանակ ունեցած ելույթում նաև մեջբերել է մեծանուն հայ գրող Դանիել Վարուժանի «Խաչբուռ» (Աստվածամոր սեղանին շարք) բանաստեղծության հետևյալ տողերը. «Քեզ կբերեմ, Մա՛յր, հունձքերուս նախընծան: Զոհագործե՛, սեղանիդ վրա՝ ուր, դարե՜ր, փեթակներուս մեղրամոմերը դեղձան լույս ու արցունք են հոսեր»` փաստելով, որ այն լավագույնս է ցույց տալիս արևելքի քրիստոնյաների վիճակը:

Եզրափակելով` պարբերականը նշել է, որ Նախագահ Սարգսյանը այցելել է նաև Սան Բարտոլոմեո (Սուրբ Բարդուղիմեոս) եկեղեցի, որի մատուռներում տեղ են գտել քրիստոնյա նահատակների՝ այդ թվում Հայոց ցեղասպանության նահատակների վերաբերյալ հիշատակումներ: