Բավ է պառակտվել
04-03-2015 13:12

Շփման գծում կրակի դադարեցման ռեժիմը չի խախտվել.ԵԱՀԿ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունն այսօր՝ մարտի 4-ին, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի հյուսիս-արեւմտյան ուղղությամբ: Ինչպես տեղեկանում ենք ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Եվգենի Շարովը /Ուկրաինա/ եւ ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը /Շվեդիա/, ինչպես նաեւ ԵԱՀԿ բարձր մակարդակի պլանավորման խմբի /ԲՄՊԽ/ ղեկավար գնդապետ Մարկուս Վիդմերը /Շվեյցարիա/: Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը եւ նրա դաշտային օգնական Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/, ինչպես նաեւ ԵԱՀԿ բարձր մակարդակի պլանավորման խմբի /ԲՄՊԽ/ ներկայացուցիչ գնդապետ Թունկայ Շեվիմը /Թուրքիա/: Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության եւ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: