16-07-2014 10:36

Օբամաները Տիգրան Սարգսյանի ընտանիքին հրավիրել են իրենց տուն


Երեկ պաշտոնապես հայտնի դարձավ, որ ՀՀ նախկին վարչապետ, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը հանդիպել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային: «Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Բարաք և Միշել Օբամաները Սպիտակ տուն են հրավիրել ոչ միայն Տիգրան Սարգսյանին, այլ նաև նրա ընտանիքի անդամներին, այդ թվում՝ նաև դեսպանի ավագ որդուն՝ Աբգարին, ով ի դեպ, Օբամաների դստեր հասակակիցն է: Ավելին՝ երեկ թերթին հայտնի է դարձել, որ Տիգրան Սարգսյանն արդեն իսկ հասցրել է իր հավատարմագրերի պատճենները հանձնել ԱՄՆ պետքարտուղարին, որի մասին մամուլում տեղեկություններ չեն հրապարակվել:

«Այս իրավիճակը հետաքրքիր է այն առումով, որ, ինչպես փոխանցում են դիվանագիտական մեր աղբյուրները, որևէ երկրի նախագահ՝ առավել ևս ԱՄՆ-ի պես գերտերության ղեկավարը, սովորաբար չի ընդունում երկու շաբաթ առաջ նշանակված դեսպանների: Այդ գործընթացը միջազգային պրակտիկայում կարող է տևել ընդհուպ մինչև մեկ տարի: Իսկ թե ինչով է պայմանավորված ԱՄՆ-ի՝ նման սիրալիր վերաբերմունքը ՀՀ նախկին վարչապետի նկատմամբ, դեռ վաղ է ասել»,-գրել է թերթը: