Բավ է պառակտվել
24-04-2014 18:41

Բարաք Օբաման կրկին չարտասանեց ՛՛Ցեղասպանություն՛՛ բառը

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման 1915թ.-ի դեպքերին առնչվող ամենամյա հայտարարության մեջ նույնն է ասել, ինչ անցյալ տարի՝ ՛՛Մեծ եղեռն՛՛, գրում է The Armenian Weekly-ն՝ Սպիտակ տան տարածած հաղորդագրությանը հղումով։

ԱՄՆ նախագահը կրկին խուսափել է ՛՛ցեղասպանություն՛՛ եզրույթն օգտագործելուց։

՛՛Այսօր մենք ոգեկոչում ենք Մեծ եղեռնի զոհերի հիշատակը և հարգանքի տուրք մատուցում բոլոր նրանց, ովքեր դարձան 20-րդ դարի ամենասարսափելի ոճրագործություններից մեկի զոհը։ Մենք հիշում ենք 99 տարի առաջ տեղի ունեցած սարսափը, երբ 1.5 մլն հայեր սպանվեցին Օսմանյան կայսրության տարիներին։ Մենք սգում ենք այդ տղամարդկանց, կանանց և երեխաների կորսված կյանքերի համար»,-ասել է Օբաման։
Նա նշել է, որ դա իրենց հիշեցնում է պարտավորությունը՝ թույլ չտալ մարդկության պատմության նման մութ էջերի կրկնություն։
«Ես մշտապես հայտնել եմ իմ անձնական տեսակետը 1915թ-ին տեղի ունեցածի վերաբերյալ, և իմ դիրքորոշումը չի փոխվել. փաստերի ամբողջական, անկեղծ ու արդարացի ճանաչումը մեր բոլորի շահերից է բխում: Անցյալի ցավալի էջերին առերեսվելը և դրանք ճանաչելը ժողովուրդներին և պետությունները դարձնում է ավելի հզոր, քանի որ առերեսումն ու ճանաչումը հիմք է ստեղծում ավելի արդար և հանդուրժող ապագա կառուցելու համար: Մենք այս դասը քաղել ենք Միացյալ Նահանգների պատմությունից, քանի որ մենք էլ ձգտում ենք հաշտվել մեր պատմության մութ էջերին՛՛,- ասել է նա։
Օբաման նշել է, որ գնահատում են այն հայերին և թուրքերին, որոնք գնում են այդ ճանապարհով, և նրանց խրախուսում են անել դա՝ իրենց կառավարությունների և ԱՄՆ-ի աջակցությամբ։
՛՛Մենք հպարտությամբ ենք հիշում Սիրիական և Հայկական օգնության ֆոնդերը, որ հիմնադրվել են ամերիկյան նվիրատվությունների շնորհիվ և որոնք 1915թ.-ին փրկել են հայերի և այլ համայնքների անթիվ կյանքեր։
Մենք հարգում ենք այն հայերի հիշատակը, որոնց կյանքը խլվեց 1915թ.-ին, մենք ներշնչված ենք նման հսկայական տառապանքի հանդեպ հայ ժողովրդի արտասովոր քաջությամբ և դիմացկունությամբ՛՛,-ասել է Օբաման։
ԱՄՆ նախագահը ողջունել է բազմաթիվ ամերիկայահայերի ներդրումներն ամերիկյան հասարակության և մշակույթի մեջ։
Նա նշել է, որ իրենց պարտավորությունն է աջակցել հայ ժողովրդին՝ ժողովրդավար, խաղաղ և բարգավաճ ապագա կառուցելու ճանապարհին։
՛՛Մեր մտքերն ու աղոթքները համայն հայության հետ են այսօր, երբ մենք վերհիշում ենք Մեծ եղեռնի սարսափները, հարգանքի տուրք մատուցում զոհերի հիշատակին և վերահաստատում մեր հարատև հավատարմությունը հայ ժողովրդին և սկզբունքներին, որ այսօրինակ վայրագությունները պետք է մշտապես հիշվեն, եթե մենք ցանկանում ենք հետագայում խուսափել դրանցից՛՛,- եզրափակել է Օբաման։
Նշենք, որ Բարաք Օբաման սենատոր եղած ժամանակ (2005-2008թթ) Օսմանյան Թուրքիայի կողմից 1915-1923թթ. հայերի նկատմամբ իրականացված եղեռնագործությունը մի քանի անգամ որակել էր որպես ՛՛ցեղասպանություն՛՛ և այդ ժամանակվա նախագահ Ջորջ Բուշին կոչ արել պաշտոնապես ճանաչել այն: 2008թ-ի նախընտրական քարոզարշավի ժամանակ էլ խոստացել էր, թե նախագահ դառնալու դեպքում պաշտոնապես ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը։ Սակայն յուրաքանչյուր տարի նա ապրիլի 24-ի կապակցությամբ հանդես է գալիս հիշատակի ուղերձով, որում ՛՛ցեղասպանություն՛՛ եզրույթի փոխարեն օգտագործում է ՛՛Մեծ եղեռն՛՛ բառը: