25-04-2014 11:35

Օբաման չօգտագործելով ՛՛Ցեղասպանություն՛՛ բառը՝ ՛՛արդար ու անկեղծ՛՛ ճանաչում է պահանջում

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ապրիլի 24-ին հանդիսավոր կերպով հարգանքի տուրք է մատուցել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին եւ կրկին կոչ է արել, որ «փաստերի ամբողջական, անկեղծ եւ արդար ճանաչումը մեր բոլոր շահերից է բխում», հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը:

Նախագահ Օբաման օգտագործել է «Մեծ Եղեռն» արտահայտությունը Հայոց Ցեղասպանության համար եւ հիշեցրել է իր՝ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ նախորդ ելույթները, սակայն չի իրականացրել իր՝ 2008թ. նախագահական քարոզարշավի խոստումը, որում ասվում էր . «Ամերիկան արժանի է մի առաջնորդի, ով ճշմարտորեն խոսում է Հայոց Ցեղասպանության մասին եւ անվերապահորեն արձագանքում է բոլոր ցեղասպանություններին։ Ես մտադիր եմ լինել հենց այդ նախագահը»։

Նախագահի հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Մենք հպարտությամբ ենք հիշում Սիրիական եւ հայկական օգնության ամերիկյանկոմիտեի մարդասիրական ջանքերը, որն ամերիկացիների նվիրատվությունների շնորհիվ փրկել է անհամար հայերի եւ 1915 թվականին տեղահանված խոցելի համայնքների այլ ներկայացուցիչների կյանքերը»: Սիրիական եւ հայկական օգնության ամերիկյան կոմիտեն Մերձավոր Արեւելքի Նպաստամատույց կազմակերպության նախորդն էր, որը տրամադրել է ավելի քան 100 մլն դոլարի մարդասիրական օգնություն։

Նախագահ Օբաման նաեւ հայտարարել է. «Մարդիկ ու ազգերը դառնում են ավելի ուժեղ, եւ ստեղծում հիմք ավելի արդար եւ հանդուրժող ապագայի համար՝ ճանաչելով եւ հաշվի նստելով անցյալի ցավալի իրադարձությունների հետ»։ Համագումարը կոչ է անում Թուրքիային հետեւել Նախագահի կոչին եւ ընդունել իր ցեղասպան ժառանգությունը։

«Այսօր մեր մտքներն ու աղոթքներն աշխարհի տարբեր ծայրերում գտնվող հայերի հետ են: Մենք հիշում ենք Մեծ Եղեռնը, հարգում ենք զոհվածների հիշատակը եւ վերահաստատում ենք մեր հարատեւ նվիրվածությունը հայ ժողովրդի եւ այն սկզբունքի առջեւ, որ նման ոճրագործությունները պետք է հիշվեն, եթե ցանկանում ենք կանխել դրանց կրկնությունը»,- եզրափակում է ԱՄՆ նախագահի հայտարարությունը։

«1981թ. ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը հրապարակայնորեն ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը՝ հայտարարելով, որ. «Ինչպես հայերի ցեղասպանությունը եւ կամբոջացիների ցեղասպանությունը, որը հաջորդեց դրան, եւ ինչպես շատ այլ մարդկանց շատ այլ նման հալածանքները, Հոլոքոստի դասերը երբեք չպետք է մոռացվեն»։ Սա հստակորեն արտացոլում է Ամերիկայի արժեքները եւ ցեղասպանությունը դատապարտելու մոտեցումը, եւ ես ողջունում եմ այն»,- հայտարարել է Ամերիկայի հայկական համագումարի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Հրայր Հովնանյանը։ Վերջինս շարունակելով իր խոսքն՝ ասել է. «Մենք գնահատում ենք երկկուսակցական մեծամասնության քվեարկությունը Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, որը կողմ քվեարկեց Հայոց Ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւին, ինչպես նաեւ Ներկայացուցիչների պալատում մեր ընկերներին ու ներկայումս Հայաստանում գտնվող կոնգրեսական պատվիրակությանը այս հարցում հստակ արտահայտվելու համար։ Սա Ամերիկան է իր լավագույն դրսեւորմամբ»։

Հովնանյանն հավելել է. «Մենք հաջողություններ ենք գրանցել թուրքական կառավարության՝ Հայոց ցեղասպանության ժխտողականության քաղաքականությանը եւ դրա ազդեցություններին դիմակայելու գործում, սակայն այս առաջընթացը բավարար չէ։ Նախորդ ամիս էր, որ հայտնվեց ցեղասպանության «ուրվականը», երբ թուրքական կառավարությունը թույլ տվեց Ալ-Քաիդային հարող զինյալներին անցնել իր սահմանը դեպի Սիրիա եւ հարձակվել գերազանցապես հայերով բնակեցված Քեսաբ քաղաքի վրա»։

«Մենք թույլ չենք տա մեկ այլ ցեղասպանություն։ Մոտենում է Ցեղասպանության հարյուրամյակը, եւ մենք պետք է կրկնապատկենք մեր ջանքերը, որպեսզի հասնենք Հայոց ցեղասպանության հետեւանքների վերացմանը»,- եզրափակում է իր խոսքը Հրայր Հովնանյանը։