Բավ է պառակտվել
24-04-2015 08:45

Օբաման կրկին խուսափեց արտասանել «Ցեղասպանություն» բառը

Այս տարի նշվում է Մեծ եղեռնի՝ 20-րդ դարի առաջին զանգվածային ոճրագործության 100-րդ տարելիցը՝ այսպիսի խոսքերով է ԱՄՆ նախագահը սկսել իր ապրիլքսանչորսյան ուղերձը՝ վերստին խուսափելով «ցեղասպանություն» եզրի գործածումից։ Նա ընդգծել է, որ բազմիցս արտահայտել է իր հայացքն այն բանի վերաբերյալ, թե 1915 թվականին ինչ է տեղի ունեցել, և որ «այդ դիրքորոշումը չի փոխվել»։ «Փաստերի լիարժեք ճանաչումը բխում է մեր բոլորիս շահերից»,- նշել է Օբաման, ում հայտարարությունը տարածել է Սպիտակ տունը։ Վերջին օրերին ամերիկացի լրագրողները բազմիցս հիշեցրել են, որ 2008 թվականին նախընտրական արշավի ժամանակ Օբաման խոսել է ԱՄՆ-ի կողմից Ցեղասպանության պաշտոնական ճանաչման անհրաժեշտության մասին։ Օբաման ընդգծել է ամերիկացի և հայ ժողովուրդների միասնությունը։ Նրա խոսքով՝ «շարքային ամերիկացիները միլիոնավոր դոլարներ են հավաքել՝ հաջակցություն հայերի, իսկ Կոնգրեսը հիմնել է Մերձավոր Արևելքում օգնության ցուցաբերման կազմակերպությունը, որը դարձել է առաջին միջազգային մարդասիրական կազմակերպություններից մեկը»։ «Հազարավոր հայեր նոր կյանք են սկսել ԱՄՆ-ում, որտեղ նրանք հիմնել են ուժեղ սփյուռք, որը դարձել է ամերիկյան հասարակության սյուներից մեկը»,- նշել է Օբաման։ Օբաման Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունների 100-րդ տարելիցն անվանել է «մռայլ պահ»։ «Դա կոչ է մեզ բոլորիս՝ մտածելու պատմական հիշողության կարևորության մասին, ինչպես նաև փաստերի՝ դժվարին, սակայն անհրաժեշտ ճանաչման»,- ասել է նա։ Օբաման նաև ողջունել է «Հռոմի պապ Ֆրանցիսկոսի, թուրք և հայ պատմաբանների և այլոց դիրքորոշումները, ովքեր ջանում են լույս սփռել պատմության այդ մութ գլխի վրա»։