Բավ է պառակտվել
12-07-2014 14:24

Հայրենիքը ուժեղ է Սփյուքով, Սփյուռքը` Հայրենիքով.ՀՀ նախագահ

Նախօրեին Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է նաև Չիլիի «Պրեկոլոմբինո» թանգարան, որտեղ դիտել է այդ երկրի պատմության հնագույն ժամանակաշրջանը ներկայացնող ցուցանմուշները, դրանց միջոցով ծանոթացել տվյալ ժամանակաշրջանի պատմական իրողություններին:

Նույն օրը Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է նաև Չիլիի հայկական համայնքի կողմից տասնամյակներ առաջ հիմնված «Հայ տուն», ծաղկեպսակ դրել բակում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, ծառատունկ կատարել, որից հետո հանդիպում է ունեցել չիլիահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նախագահը հանդիպման ժամանակ խոսել է հայ-չիլիական հարաբերությունների ամրապնդման գործում փոքրաթիվ, սակայն գործունյա չիլիահայ համայնքի դերի, հայապահպանության և համազգային այլ կարևորագույն խնդիրների մասին, ներկայացրել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ անցկացվող և հաջորդ տարի ու նաև դրանից հետո նախատեսվող միջոցառումները, խոսել Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին և շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության համար:

Նախագահն ընդգծել է, որ հպարտ է նման հայրենակիցներով և վստահ, որ հայ ժողովրդի հաջողության միակ բանալին, ինչպես բազմիցս է ասվել, միասնությունն է` Հայրենիքը ուժեղ է Սփյուքով, Սփյուռքը` Հայրենիքով:

Հանդիպման ավարտին Սերժ Սարգսյանը Մխիթար Գոշի մեդալով պարգևատրել է Չիլիի Հանրապետությունում ՀՀ պատվավոր հյուպատոս Էդուարդո Ռոդրիգես Գուառաչիին, Մովսես Խորենացու մեդալով` փոխծովակալ Հեռնան Կույումջյանին:

Նախագահը շնորհավորել է նրանց` Հայրենիքի բարձր պարգևներին արժանանալու համար և մաղթել նորանոր հաջողություններ:
Ավարտելով տարածաշրջանային այցը Հարավային Ամերիկա` Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը վերադառնում է Երևան: