13-05-2015 12:13

Իրանում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերը հանձնեց Իրանի նախագահին

Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն իր հավատարմագրերը հանձնեց Իրանի նախագահ Հասան Ռոհանիին: Նախագահ Ռոհանին գոհունակություն հայտնեց Հայաստանի և Իրանի միջև առկա բարեկամական և փոխշահավետ հարաբերություններից և նշեց, որ երկու երկրների հարաբերությունների զարգացման համար որևէ խոչընդոտ գոյություն չունի, և որ տնտեսական, մշակութային ու քաղաքական ոլորտներում համագործակցության ընդլայնումը շահավետ է երկու երկրների համար: Իրանի նախագահը խնդրեց դեսպանին իր ջերմ ողջույնները փոխանցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Դեսպան Թումանյանը, նախագահ Ռոհանիին փոխանցելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ջերմ ողջույնները, հավաստիացրեց, որ ջանքեր չի խնայի` Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունների առավել զարգացման ուղղությամբ, և ընդգծեց միջպետական նախագծերի կարևորությունը: Իրանի նախագահը կարևորեց համատեղ նախագծերի իրականացման ուղղությամբ հետևողականության ցուցաբերումը և հավելեց, որ Հայաստանը և Իրանը, բացի երկկողմ համագործակցությունից, լավագույնս փոխգործակցում են նաև միջազգային ասպարեզում: Նախագահ Ռոհանին բարձր գնահատեց Իրանի հայ համայնքի դերը և հավելեց, որ երկու ժողովուրդների առավել սերտ փոխճանաչման համար անհրաժեշտ է ակտիվացնել շփումերը` օգտվելով զբոսաշրջային կարողություններից, ինչպես նաև ակտիվացնել գիտական և համալսարանական փոխադարձ կապերը: Հաջողություն մաղթելով ՀՀ դեսպանին իր գործունեության մեջ` Իրանի նախագահը հույս հայտնեց, որ նրա առաքելության ընթացքում երկկողմ հարաբերությունները բոլոր որլորտներում առավել կընդլայնվեն և կխորանան: