24-02-2015 13:36

ՀՀ-ում Կատարի նոր դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Սերժ Սարգսյանին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Կատարի Պետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ալի բին Համադ ալ-Սուլայթին: Սերժ Սարգսյանը շնորհավորել եւ հաջողություններ է մաղթել նորանշանակ դեսպանին՝ հույս հայտնելով, որ պաշտոնավարման ժամանակաշրջանում նա ջանք չի խնայի Հայաստանի եւ Կատարի միջեւ համագործակցությունն ամրապնդելու եւ զարգացնելու համար: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը կարեւորում է Ծոցի երկրների, այդ թվում` նաեւ Կատարի հետ հարաբերությունների զարգացումը: Ընդգծելով, որ Հայաստանի եւ արաբական մի շարք երկրների միջեւ ներկայիս արդյունավետ ու բազմաբովանդակ փոխգործակցությունը հիմնված է հայ եւ արաբ ժողովուրդների դարերից եկող անկեղծ բարեկամության վրա, Հանրապետության նախագահը վստահություն է հայտնել, որ այդ ամուր հիմքի վրա փոխշահավետ բոլոր ոլորտներում հաջողությամբ կարող են զարգանալ հայ-կատարական հարաբերությունները: Դեսպան Ալի բին Համադ ալ-Սուլայթին հավաստիացրել է, որ կներդնի բոլոր ջանքերը` երկկողմ հարաբերությունները զարգացնելու եւ իր համոզմամբ, համագործակցության մեծ ներուժը լիարժեքորեն օգտագործելու համար: Զրուցակիցները երկուստեք կարեւորել են միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը, Հայաստանի եւ Կատարի միջեւ տարբեր ոլորտներում փոխգործակցությունը խթանելու նպատակով իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը: Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ տարածաշրջանային եւ միջազգային արդի խնդիրներին: