Բավ է պառակտվել
13-02-2016 10:12

Նոր Հայաստանի տեսլականը` ըստ Սերժ Սարգսյանի

Նոր սահմանադրության կենսագործման վերաբերյալ փետրվարի 12-ի իր հայտնի ելույթում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ի թիվս այլ հարցերի, ձևակերպել է նաև այն Հայաստանի տեսլականը, որին պետք է հասնել օգտվելով նաև նորացված սահմանադրության նոր հնարավորություններից։

«Մեզնից յուրաքանչյուրի ամենօրյա պարտքն է անել ամեն ինչ, որպեսզի Հայաստանը կայանա որպես երկիր ու հասարակություն, որտեղ.

- Իշխանությունը թափանցիկ է և ամբողջովին վստահելի, որի նպատակը երկրի քաղաքացիների ու արտերկրում գտնվող հայորդիների ներկա և ապագա բարեկեցությունն է, որի անդամները հավասարապես հաշվետու են օրենքի առջև այնպես, ինչպես ցանկացած քաղաքացի, և որի անդամները չեն ղեկավարվում անձնական շահերով,

- Արդարադատության համակարգը զերծ է ազդեցություններից, արդար է և անկաշառ։ Օրենսդիրը բանիմաց է և հարգված։ Պետական ծառայությունն ամենահարգի աշխատանքային ձևն է, որովհետև այն հնարավորություն է ընձեռում հայրենիքին ու ժողովրդին ծառայելու և պահանջում է բարձրագույն մասնագիտական որակ,

- Հասարակությունն ունի բարձր կենսամակարդակ, բարեկիրթ է, հանդուրժող, մարդասեր։ Տնտեսությունը դինամիկ զարգացման ուղու վրա է՝ հենված ողջ ազգի մարդկային կապիտալի վրա: Այն զարգացման հավասար հնարավորություն է ընձեռում բոլորին, թույլ չի տալիս անարդար մրցակցություն, վերաբաշխում է ռեսուրսները հարկային ազնիվ ու արդյունավետ քաղաքականության միջոցով,

- Շրջակա միջավայրն ու բնական պաշարների պատասխանատու կառավարումը հույժ կարևոր են պետության գոյատևման և առաջնային՝ ապագա սերունդների բարեկեցության համար,

- Մարդու իրավունքները ձևավորված ամուր արժեքային համակարգ են։ Հայաստանի քաղաքացիները՝ հայերը, եզդիները, հույները, քրդերը, ռուսները և մյուսները, լիարժեք ինքնադրսևորվում են,

- Զինված ուժերն ամենազորեղն են տարածաշրջանում իրենց ոգով, նվիրումով, ժամանակակից սպառազինությամբ և կյանք, պատմություն, մշակույթ պահպանելու նպատակային կարևորությամբ,

- Սփյուռքն ու Հայաստանը կազմում են մեկ ընդհանրություն՝ ազգ։ Սփյուռքի իրավունքը Հայաստանում ճանաչված է ու խրախուսելի, նրա ներուժն ամբողջությամբ ներառված է: 
Նորացված Սահմանադրությունը նոր շունչ է նոր սկզբի համար. մենք ինքներս մեզ համար եզակի հնարավորություն ենք ստեղծել նոր թափ հաղորդելու զարգացմանը և շտկելու թերացումները: Ու սա վերաբերում է բոլորիս՝ թե՛ երկրի Նախագահին, թե՛ շարքային քաղաքացուն»,– ասել է ՀՀ Նախագահը: