Բավ է պառակտվել
07-09-2015 15:19

Նոր Սահմանադրությունը չարիք է. Ս. Գիմիշյան

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը այսօր անդրադառնալով Սահմանակրական բարեփոխումների նախագծին, նշեց, որ դա մի շարք վտանգներ է պարունակում իր մեջ:
« Ես համարում եմ, որ սա դրսից է բերվում, հզոր կենտրոններից է բերվում: Հայ մարդը նման ձևակերպումներ թույլ չի տա, սրա հետևում մեծ փողեր են, և դա ՀՀԿ-ի որոշելիքը չի: Դուք այդ ուժը չունեք, դա ձեր ուժերից վեր է, ձեր իշխանության վիճակը այնպիսին է, որ դուք չեք կարող դրան ընդդիմանալ: Եթե դրան ընդդիմանաք՝ իշխանության ձևավորման մեխանիզմը ձեր ձեռքից կառնեն»:
Ս. Գիմիշյանը նշեց, որ իր համոզմամբ ՀՀԿ-ի երկարաժամկետ իշխանությունը ավելի փոքր չարիք է, քան Սահմանադրությունում տեղ գտած կետերը, որոնք վտանգում են հայ մարդուն ու հայ ընտանիքը: Ստորադասում են երկրի մայր օրենքը՝ Սահմանադրությունը, միջազգային պարտավորություններին: Եվ քանի, որ ԵՄ-ի որոշմամբ միասեռականների ընտանիք կազմելու իրավունքն անվիճելի է, ըստ նրա, վաղը, եթե ՀՀ Ամուսնությունների պալատը հրաժարվի գրանցել միասեռականների ամուսնությունները, եվրոպացիները կարող են տուգանել ՀՀ-ին՝ միջազգային պարտավորությունները խախտելու համար:
Դիմելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին բանախոսն ասաց.
«Հանեք այս Սահմանադրությունը, մի դրեք հանրաքվեի գտեք ուրիշ ձև ու ինչքան ուզում եք իշխեք, եթե դա է նպատակը: Հույս ունեմ, որ սա չի դրվի հանրաքվեի, հանրաքվեն անջրպետ է ստեղծում իշխանության և ժողովրդի միջև, ես չեմ ուզում, որ երկիրը ցնցումների մեջ ընկնի »:
ՀՀԿ –ական պատգամավոր Արտակ Դավթյանը հակադարձելով այս կարծիքին, նշեց, որ Սահմանադրության նոր նախագծի մեջ որևէ սպառնալիք չկա, դա իրավաբանների և սահմանադրական իրավունքի մասնագետներ կողմից մշակած փաստաթուղթ է.
«Սահմանադրության ամենակարևոր առաքելություններից մեկն այն է, որ մարդն առաջնային է, և պետությունը սահմանափակ է մարդու իրավունքներով և ազատություններով: Պետությունը ստեղծված է մարդու համար և առաջնայինը մարդն է»,- նա նաև հույս հայտնեց, որ կանցկացվի հանրաքվե, ժողովուրդը կանի իր ընտրությունը, և բոլոր կասկածներն ու մտահոգությունները կփարատվեն:

Մարինե Բարսեղյան