Բավ է պառակտվել
06-05-2014 15:15

Նոր կառավարության ձևավորմամբ իշխանություն է գալիս Ռոբերտ Քոչարյանը. Լ. Ալավերդյան

Ըստ Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի նոր կառավարության ձևավորմամբ արդեն կիսով չափ իշխանության է եկել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Քոչարյանը կիսով չափ եկել է իշխանության, քանի որ այս կադրերը հիմնականում նրա կադրերն են»,-այսօր կայացած ասուլիսին ասաց նա:

Անդրադառնալով նոր նշանակված նախարարներին՝ Լարիսա Ալավերդյանը նշեց, որ արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանի մասին դրական կարծիք ունի և որոշ առումով ողջունելի է համարում, որ նա կարող է հիմա իր գիտելիքները դրսևորել այլ ոլորտում: «Նա իրոք այն տարիքում չէ, որ նախարար չլինելը ողբերգություն լինի Հրայր Թովմասյանի համար: Չեմ կարծում, որ նա երբևիցե վատ առումով օգտվել է իր նախարար լինելու պաշտոնից»,-ասաց նա:

Իսկ նոր նախարարին Ալավերդյանը ճանաչում է որպես դատավոր, Վճռաբեկ դատարանի նախագահ. «Էլի գիտելիքների մեջ չեմ կասկածում, բայց համոզված եմ, որ Հայաստանում դեռ երկար ժամանակ նախարարները չեն լինելու քաղաքական ֆիգուրներ, ես չեմ կարծում, որ Մանուկյանը եկել է փոխելու այդ մեխանիզմը»:

Ալավերդյանի խոսքով՝ քաղաքական ֆիգուր լինելու հավակնություններ ունեն բոլորը:

Վերջինս նաև նշեց, որ ափսոսում է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի գիտելիքներն այն առումով, որ դրանք չեն անդրադարձել կառավարման վրա: Իսկ նոր վարչապետ Հովիկ Աբրահամյանը լեզու գտնելու առումով կարող է դրական լինել, բայց նպատակը նույնն է, որ ներկայիս իշխանությունը վերարտադրվի:

«Չեմ կարծում, որ Հովիկ Աբրահամյանի կառավարությունը խորքային փոփոխություններ կանի»,-եզրափակեց Լարիսա Ալավերդյանը: