Բավ է պառակտվել
12-10-2015 12:08

«Նոր Հայաստանը» գնալու է իշխանափոխության և հանրաքվեի կասեցման

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեցին, որ Հայաստանում առկա համակարգային ճգնաժամը լուծելու և պետությունը ինքնիշխանության կորստից հետ պահելու համար իրենք ձևավորել են ճակատ, որը միտված է քաղաքացիական անհնազանդության միջոցով հասնել իշխանափոխության և դրա միջոցով կասեցնել Սահմանադրության փոփոխված տարբերակի հանրաքվեն:
«Նոր Հայաստան» ճակատի հայտարարությունում ասված է, որ.
«Հայաստանում կամաարտահայտման իրական և լեգիտիմ ձև կարող է լինել ոչ թե վարչախմբի կազմակերպած հանրաքվեն, այլ փողոց դուրս եկած և մոբիլիզացված ժողովրդի քաղաքացիական անհնազանդությունը:
Նպատակ ունենալով ազատ և արդար արտահերթ ընտրություններով երկրում սահմանադրության հաստատման, այդ թվում՝ ժողովրդի իշխանության և պետության ինքնիշխանության վերկանգնման, մարդու հիմնական իրավունքների ու ազատությունների երաշխավորման, ազատ տնտեսական մրցակցության ապահովման և անկախ դատարանի կայացման միջոցով նախադրյալներ ձևավորել աղետալի մարտահրավերներ առաջացրած համակարգային ճգնաժամի հաղթահարման համար,նախատեսում է մոբիլիզացնել ժողովրդին, քաղաքացիական անհնազանդության գործողություններով հեռացնել Սերժ Սարգսյանին ու նրա գլխավորած վարչախումբը, կասեցնել նոր սահմանադրության ընդունման գործընթացը և ձևավորել ժողովրդի վստահության անցումային կառավարություն:
Ճակատը հայտարարում է, որ ձևավորվել է որոշումների կայացման մարմին՝ Քաղաքական խորհուրդ և այդ որոշումների իրագործման մարմին՝ ընդդիմության միասնական շտաբ:
Ճակատի սահմանած նպատակների իրագործման ակտիվ գործողությունների փուլը կմեկնարկի Երևանում անցկացվելիք համապատասխան հանրահավաքով»:
Նշենք, որ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը ձևավորել է շտաբ, որի
համակարգողը լինելու է Ժիրայր Սեֆիլյանը:
Ժիրայր Սեֆիլյանը նշեց, որ այժմ կոնսուլտացիաներ են ընթանում այլ քաղաքական ուժերի և նախաձեռնությունների հետ և որ իրենք ուրախ կլինեն, եթե առաջիկայում ճակատում ներգրավվեն Ստեփան Դեմիրճյանը, ՀԱԿ-ի այլ ներկայացուցիչներ, Նիկոլ Փաշինյանը:
Տեղեկացնենք, որ այժմ ճակատի խորհրդի կազմում ներգրավված են Պետրոս Մակեյանը, Անդրեաս Ղուկասյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Արմեն Մարտիրոսյանը և այլ գործիչներ:

Մարինե Բարսեղյան