30-10-2014 17:20

Երբ Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծվի, ուրախ կլինենք այն տեսնել ԵՏՄ կազմում. Ն. Ռիժկով

Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը այսօր լրագրողների հետ հանդիպմանը, ի պատասխան հարցին, թե ինչո՞ւ ՌԴ-ն կարող է չճանաչված Ղրիմի հետ լինել ԵՏՄ անդամ, իսկ Հայաստանը չի կարող Լեռնային Ղարաբաղի հետ անդամակցել, ասաց, որ նախ պետք չէ համեմատել Ղրիմն ու Լեռնային Ղարաբաղը, ապա ավելացրեց, որ ԼՂ–ի կարգավիճակի հարցի լուծման դեպքում ուրախ կլինեն ԼՂ–ին ևս տեսնել ԵՏՄ կազմում։

«Դուք համեմատում եք Ղրիմն ու Ղարաբաղը: Ես հասկանում եմ, որ Ղարաբաղը Հայաստանի ցավոտ թեման է, մեզ համար ևս, բայց Ղրիմի հարցում թույլ տվեք չհամաձայնել: Ղրիմը պատմականորեն ռուսական հող է, դարեր շարունակ եղել ենք մեկ տարածք, և արդյո՞ք մենք մեղավոր ենք, որ Խրուշչյովը ոչ սթափ վիճակում այն տվել է Ուկրաինային: Ղրիմի բնակիչները իրենք իրենց կամքով հանրաքվեում որոշեցին, որ կմտնեն ՌԴ կազմ, ի՞նչ պետք է անեինք մենք, ասեինք ո՞չ, մի՛ մտեք ձեր հայրենի տարածք»,– ասաց նա:

Նիկոլայ Ռիժկովի խոսքով՝ եթե ԱՄՆ-ն ուժեղ կողմ է, դա չի նշանակում, որ նա կարող է անել այն, ինչ ցանկանա։ «Եկե՛ք, սկզբում կողմնորոշվենք Ղարաբաղի կարգավիճակում ու նոր քննարկենք այդ հարցը: Այնպես որ, հենց Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծվի, մենք ուրախ կլինենք նրան տեսնել ԵՏՄ կազմում: Ինչպես Ղարաբաղը ճանաչված չէ, այնպես էլ Հարավային Օսիան, Աբխազիան և մյուսները»:

Ինչ վերաբերում է Հայաստանի դաշնակից ՌԴ կողմից Ադրբեջանին սպառազինելու մասին մտահոգություններին, Նիկոլայ Ռիժկովն ասաց, որ առիթ ունեցել է բազմիցս այդ հարցին անդրադառնալ, բայց հիմա էլ ասում է` ինքը չգիտի, թե ինչու է այդպես, բայց մեկ բան հստակ է` խորհրդարանը չի ընդունել որևէ որոշում սպառազինման մասով: