27-02-2015 12:26

Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ՀԱԿ-ի առաջնորդի հասցեին սուր քննադատությամբ

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել Հայ ազգային կոնգրեսի ղեկավարության հասցեին սուր քննադատությամբ: Facebook սոցցանցի իր էջում Փաշինյանը կատարել է հետևյալ գրառումը. «Ինձ համար ամենաեղկելի բանն այն է, որ ձեզ հայտնի մարդիկ փորձում են Մարտի 1-ի զոհերի ծնողներին տրամադրել իմ դեմ, նրանց հավատացնելով, որ ես, օրինակ, Մարտի 1-ի հարցը չեմ բարձրացնում: Սա այն դեպքում, երբ ընդամենը մի քանի օր առաջ ԱԺ օրակարգ էի փորձում մտցնել մի նախագիծ, որի առաջին կետում որպես Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու թիվ 1 հիմք նշվում է Մարտի 1-ի ոճրագործությունը, սպանությունների կոծկումը եւ որին դեմ արտահայտվեցին Հայ ազգային կոնգրեսի պատգամավորները: Հայ ազգային կոնգրես կուսակցության ղեկավարները, որ մարտիմեկյան ոճրագործների հետ մեղրամիս էին ապրում, մարդասպաններին ինդուլգենցիաներ բաժանում՝ որոշել են իրենց կենսագրությունը մոռացությա՞ն մատնել Մարտի 1-ի մասին հանկարծ վերհիշելով: Գլուխ եմ խոնարհում Մարտի 1-ի զոհերի, նրանց ծնողների ու զավակների առջև: Գլուխ եմ խոնարհում Վաչագան Ֆարմանյանի եւ նրա զոհված որդու առջև: Կարծում եմ ճիշտ չէ հաշվարկի մեջ մտնելը, թե ում գերեզմանում քանի անգամ եմ եղել: Բայց եթե սա է չափանիշը, թող պարոն Ֆարմանյանն ասի՝ իր որդու կամ Մարտի 1-ի որեւէ զոհի գերեզմանին քանի՞ անգամ է այցելել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը»: