Բավ է պառակտվել
13-10-2016 16:59

ՀԱՊԿ ուժային պոտենցիալը պետք է ամրապնդվի.Նիկոլայ Բորդյուժա

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում տարվող գործողությունները նպատակ ունեն ապահովելու ՀԱՊԿ անդամ պետությունների անվտանգությունը: Երևանում բացված սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների ArmHiTec-2016 միջազգային ցուցահանդեսի ժամանակ բացման խոսքով հայտարարեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան՝ ողջունելով ներկաներին ՀԱՊԿ անդամ պետությունների նախագահների անունից:

«Հիմնական ջանքերն ուղղված են անվտանգությունը քաղաքական միջոցներով ապահովելուն՝ օգտագործելով քաղաքական ողջ ներուժը, որը գոյություն ունի մեր երկրներում: Սակայն, իրադարձությունների զարգացման տրամաբանությունը խոսում են մեկ բանի մասին, որ կազմակերպության ուժային պոտենցիալը պետք է ամրապնդվի»,- նշեց Նիկոլայ Բորդյուժան:

Սա է պատճառը, որ ՀԱՊԿ անդամ պետությունները, ըստ Նիկոլայ Բորդյուժայի, սերտորեն համագործակցում են, ՀԱՊԿ-ի շուրջ ստեղծված են բազաներ: «Այս ամենն արվում է, որպեսզի ապահովվի մեր պետությունների սուվերենությունն ու ամբողջականությունը»,- շեշտեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:

Նիկոլայ Բորդյուժան նկատեց, որ այդ ուժերի արդյունավետ աշխատանքի համար, նրանք պետք է ապահովված լինեն ժամանակակից սպառազինությամբ, որպեսզի դիմակայեն ցանկացած մարտահրավերի, սպառնալիքի:

«Այս տեխնիկան պետք է օպերատիվ համակցվի, որպեսզի համատեղ ռազմական գործողությունները դժվար չդառնան: Ուստի ՀԱՊԿ խորհուրդն ամեն ինչ անում է անդամ պետությունների միջև ռազմաքաղաքական, ռազմատնտեսական համագործակցության ապահովման համար»,- ավելացրեց նա:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը շեշտեց նաև, որ այսօրվա ցուցահանդեսը հենց վկայում է այն մասին, թե որքան սերտ է ռազմատեխնիկական համագործակցությունը պետությունների միջև, որքան հեռանկար կա՝ նոր տիպի զինտեխնիկայի ստեղծման կամ սպառազինության վերանորոգման համար: «Այս ցուցահանդեսն առաջինն է Հայաստանում, ու ես հույս ունեմ, որ այն կլինի նոր թրենդ ՀՀ համար»,- նշեց Բորդյուժան: