11-11-2014 16:39

Նոր նախարարության կարիքը կա. Կարեն Ճշմարիտյան

Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը դրական է համարում միջազգային ինտեգրացիայի ու բարեփոխումների նախարարության ստեղծումը, քանի որ, ըստ նրա, դրա կարիքը կա և ինտեգրումն ահռելի աշխատանք է ենթադրում: «Էստեղ խնդիրը շատ պարզ է. գործառույթների առումով պետք է տարբերել 3 հասկացություն՝ արտաքին տնտեսական քաղաքականություն, արտաքին տնտեսական համագործակցություն և տնտեսական ինտեգրացիա: Մենք էլ պետք է որոշակի փոփոխություններ անենք, որ մեզ մոտ այդ հարցերով զբաղվող առանձին կառույց լինի, քանի որ 22 աշխատանքային խմբից 6-ը մեր նախարարությունում են և պետք է շարունակեն աշխատանքները»,- լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը: Իսկ թե այդ դեպքում ինչ պետք է անի այն նախարարությունը, որի ղեկավարն է ինքը, երբ իրենց հիմնական գործառույթներից էր ԵՏՄ անդամակցության հարցը, ու արդյոք սա նշանակում է «ճամպրուկային տրամադրություն», նախարարը հակադարձեց, որ իրենց նախարարությունում ճամպրուկային տրամադրություն չկա: Նախարարը նշեց, որ նման հարցերով զբաղվելն իրենց գործառույթների 5-6%-ն է միայն, իսկ իրենց գործառույթները շատ-շատ են: Նա նշեց, թե իրենք չեն հրաժարվել ԵՏՄ անդամակցության հարցերով զբաղվել, սակայն ճիշտ չէր լինի, որ զբաղվեին դրանով. «Այստեղ ներկայացուցչական խնդիր էլ կա. մյուս երկրները ներկայացված են համապատասխան ձևով»: Նախարարը վստահեցրեց, որ նախարարության ստեղծումը պարտադրված չէր. «Հայաստանն արել էր իր ընտրությունը և դրա հետևանքները»: