Բավ է պառակտվել
06-06-2016 15:53

Բունդեսթագի թուրք պատգամավորներին սպառնում են սպանել

Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևից հետո թուրք ազգայնականները սպառնում են սպանել Բունդեսթագի ազգությամբ թուրք պատգամավորներին: Հայտնում են արտասահմանյան ԶԼՄ-ները:
Մասնավորապես, «Կանաչների կուսակցության» անդամ, պատգամավոր Օզքան Մուղլուն, ելույթ ունենալով գերմանական հեռուստատեսությամբ, հայտարարել է, որ ազգությամբ թուրք պատգամավորների հասցեին հաշվեհարդարի սպառնալիքները լայնամասշտաբ բնույթ են ստացել բանաձևի ընդունումից հետո:
Բունդեսթագի ազգությամբ թուրք պատգամավորներին մտավախություն է պատճառում այն համգամանքը, որը թուրք բազմաթիվ պաշտոնյաներ հանդես են եկել նրանց հասեցին ուղղված սպառնալիքներով: Ինչպես նշվում է, օրինակ Անկարայի քաղաքապետը ազգությամբ թուրք պատգամավորների նկարները զետեղել է Twitter-ի իր միկրոգլոգում՝ կից հնչեցնելով սպանության հաշվեհարդարի կոչեր, որոնց միացել են հազարավոր թուրք օգտատերեր:
«Նրանց նմանների ձեռքից Թուրքիայում քիչ մարդիկ չեն մահացել»,- հայտարարել է Բունդեսթագի ազգությամբ թուրք պատգամավոր Օզքան Մուղլուն:
Ինչպես հաղորդվում է, ազգությամբ թուրք խորհրդարանականների հասցեին սուր քննադատություններով է հանդես գալիս նաև թուրքական մամուլը, հատկապես իշխանական թևը: Սպանության սպառնալիքներից զատ, թուրք պատգամավորներին մեղադրում են նաև Թուրքիայում արգելված Քրդական աշխատավորական կուսակցությանը հարելու և դավաճանության մեջ: