10-11-2014 19:39

Նախագահն առաջարկել է նորից անդրադառնալ ոչ իշխանական ուժերի 12 կետերին

Նախագահ Սերժ Սարգսյանը կառավարությանն առաջարկել է նորից անդրադառնալ ոչ իշխանական ուժերի 12 կետանոց փաստաթղթին: Այս մասին հանրապետության ղեկավարը հայտնել է «Արմենպրեսի» հետ զրույցում: «Ակնհայտ է, որ մենք ուշադրությամբ հետեւում ենք ներքաղաքական գործընթացներին, եւ կրկին անգամ ուշադրությամբ արձանագրում ենք բոլոր այն առաջարկությունները, բոլոր այն հարցադրումները, որոնք կարելի կլինի իրականացնել եւ դրա արդյունքում մեկ լավ բան էլ կատարել: Ընդհանրապես իմ հորդորն է, իմ մոտեցումն է իմ կուսակցական գործընկերներին, պետական կառավարման ապարատի ներկայացուցիչներին, որ այդպիսի առաջարկությունները, քննադատությունները չընդունեն որպես թշնամական մի բան, փշերով չընդունեն այդպիսի առաջարկությունները, այլ ուշադրությամբ քննության առնեն եւ զտեն այն օգտակարը, որ կարող է այդտեղ լինել»,- նշել է նախագահն ու հավելել. «Այս առումով, իհարկե, ամենաշոշափելին այն փաստաթուղթն է, որ խորհրդարանական չորս ուժերը կոչել են 12 կետի փաստաթուղթ եւ առաջարկել են, որ կառավարությունը կատարի այդ փաստաթղթում նշված կետերը»:
Նրա խոսքով, կառավարությունն ուշադրությամբ ուսումնասիրել է եւ բոլորին հայտնի է, որ կառավարությունը նաեւ մանրակրկիտ պատասխաններ է ներկայացրել: «Հիմա ունենք մի իրավիճակ, երբ խորհրդարանական ուժերը կամ եռյակը բավարարված չեն այդ պատասխաններով, իսկ կառավարությունն էլ ասում է` մենք փաթեթի վրա աշխատել ենք, մենք հսկայական գործ ենք կատարել, եւ սա է, օրինակ` այս կետերի մասով սա ենք արել, այս կետերը, տեսնում ենք, որ դեռեւս հնարավոր չէ իրականացնել: Ի՞նչ պետք է անել այս իրավիճակում: Այս իրավիճակում, ես կարծում եմ, որ ճիշտ կլինի եւ այդպիսի առաջարկություն ես կառավարությանն արել եմ, որպեսզի նորից անդրադառնան այդ փաստաթղթին, կետ առ կետ քննարկեն այդ փաստաթուղթը եւ նշեն կոնկրետ այն գործընթացները, որոնցով իրականացնելու են այդ կետերը»,- նշել է նախագահը:
Ըստ նրա, «առաջին կետի մասին կունենանք փոքրիկ ճանապարհային քարտեզ, կունենանք ժամկետներ, անցնեն երկրորդին, անցնեն երրորդին, որպեսզի եւ՛ խորհրդարանական այս ուժերը կամ եռյակն իրենց բավարարված զգան, չասեն մեզ անտեսեցին, եւ՛ մյուս կողմից էլ կառավարությունը, կարծում եմ, որ մեկ անգամ էլ քննարկելով, միգուցե, նոր հայացքով կարող է նայել այս ողջ փաթեթին»: «Մեր նպատակը մեկն է, մենք պետք է կարողանանք օգտագործել բոլոր ուժերը մեր երկիրը զարգացնելու համար: Եվ նորից վերադառնամ ու ասեմ, որ եւ՛ կուսակցության իմ գործընկերների շրջանում, եւ՛ պետական ապարատում մշտապես այն գիծն եմ տանում, որ անկախ նրանից, թե ինչ ձեւ է կրում այդ քննադատությունը (մեկ-մեկ որոշ գործիչներ չափն անցնում են, կոռեկտության սահմաններն անցնում են, բայց կարեւորն այստեղ դա չպետք է լինի), կարեւորը պետք է լինի այն` գտե՞լ ենք մենք արդյոք օգտակար մի բան այդ ասածի մեջ, որ կյանքի կոչելով` կբարելավենք մեր իրավիճակը:
Երկրորդ խնդիրը, իհարկե, սահմանադրական բարեփոխումներն են, իմ մոտռեցումները բոլորին հայտնի են. ես կարծում եմ` մենք այս ժամանակահատվածը` մինչեւ փետրվար, կօգտագործենք, կօգտագործենք արդյունավետ` քաղաքական ավելի մեծ կոնսոլիդացիայի հասնելու, որովհետեւ առանց կոնսոլիդացիայի, առանց քաղաքական ուժերի սատարման դժվար է ստանալ լավ փաստաթուղթ, դժվար է ստանալ լավ Սահմանադրություն: Մեզ համար դա շատ էական է, եւ կարեւորը սա է` որպեսզի մենք ունենանք որակապես ավելի լավ Սահմանադրություն, քան այսօր գործող Սահմանադրությունն է: Հարցի հետ կապված մնացած խնդիրները կամ հարցի շուրջ պտտվող մնացած խնդիրներն էական չեն, եւ ես կարծում եմ` պետք չէ ժամանակ կորցնել, այլ պետք է աշխատել: Բազմաթիվ հարցեր կան, որոնց պատասխաններն իրենց ժամանակին կհնչեն»,- ամփոփել է Սարգսյանը: