21-02-2014 15:27

«Ուկրաինայի դեպքերի հետևանքները երկարատև ազդեցություն են ունենալու նախկին խորհրդային հանրապետություններում». նախախորհրդարան

Ուկրաինայում տեղի է ունենցող արմատական վերափոխման մի նոր փորձի և մեր երկրի վրա, դրա հնարավոր ազդեցության մասին հայտարարություն է տարածել «Նախախորհրդարանը»:
Հայտարարությունում ասվում է.
«Ուկրաինայում ծավալվող իրադարձությունների վերաբերյալ Ուկրաինայում ծավալվող ողբերգական և դրամատիկ դեպքերը իրենց վրա են գամել ամբողջ աշխարհի ուշադրությունը: Խորհրդային կայսրության փլուզումից հետո մենք ականատես ենք լինում հետխորհրդային տարածաշրջանի հետագա ճակատագրի համար թերեւս ամենակարեւոր նշանակություն ունեցող իրադարձություններին:
1. Երկու մրցակից նախագծերի՝ Եվրոպական միության և նախատեսվող Եվրասիական միության կոշտ մրցակցությունը առիթ է դարձել ուկրաինական նորանկախ պետականության խորքային արատների ճգնաժամային սրացման և ուկրաինական ժողովրդի` նորգաղութային լծից ազատագրվելուն միտված ապստամբության:
Ինչպես ամեն մի սուր ճգնաժամ, այս մեկը նույնպես հղի է թե՛ արմատական առողջացման հնարավորությամբ եւ թե՛ մահացու վտանգներով:
1.1. Ուկրաինական պետականության արմատական առողջացման հեռանկարը ներքին ասպարեզում պայմանավորված է քրեաօլիգարխիկ վարչախմբից ձերբազատմամբ եւ երկրի արեւելյան ու արեւմտյան հատվածների միջեւ առողջ հաշվեկշռի հաստատմամբ, իսկ արտաքին ասպարեզում` երկրի այսպես կոչված «ֆինլանդացմամբ», որպիսի ձևաչափը սառը պատերազմի ժամանակաշրջանում հաջողությամբ կիրառվում էր արեւելյան եւ արեւմտյան հակամարտող դաշինքների միջեւ գտնվող եւ նրանցից որեւէ մեկին չպատկանող Ֆինլանդիայի պարագայում, ինչի շնորհիվ վերջինս երկու կողմերի հետ էլ կարողանում էր պահպանել բարիդրացիական հարաբերություններ:
1.2. Իսկ մահացու վտանգների հեռանկարը կապված է երկրի մասնատման եւ այս կամ այն բլոկի մեջ նրա ինքնիշխանության տարալուծման հետ, ինչը կարող է տեղի ունենալ ինչպես մեղմ ու անարյուն` երկրի դաշնայնացման կամ համադաշնայնացման, այնպես էլ կոշտ ու արյունալի` քաղաքացիական պատերազմի ճանապարհներով:
2. Բոլոր պարագաներում ձևավորվելիք ուկրաինական նոր իրականությունը ամբողջ հետխորհրդային տարածքում հանգեցնելու է քաղաքական իրավիճակի կտրուկ փոփոխությունների, որոնք աշխարհաքաղաքական կոշտ մրցակցության պայմաններում կարող են դրսեւորվել սցենարների լայն սպեկտրով:
2.1. Այդ հավանական սցենարները զգալի չափով կախված են մեծ ուժերի շահերի հաշվեկշռի դինամիկայից: Սակայն որոշիչ մասով դրանք պայմանավորված են հետխորհրդային երկրների ժողովուրդների ազգային-քաղաքացիական հասունությունից, նրանց կողմից ներկայիս ապազգային վարչակազմերի փոխարեն ազգային շահերով առաջնորդվող պետական կառավարման յուրային համակարգեր ձեւավորելու կարողությունից: Տեղական ուժերին այսպիսի պարադոքսալ առավելություն է տալիս տարածաշրջանում աշխարհաքաղաքական կենտրոնների կոշտ մրցակցության պատճառով դրանց ազդեցության փոխադարձ չեզոքացումը:
1.1. Այս պայմաններում հնարավոր է դառնում նորանկախ ազգային պետականությունների «ֆինլանդացումը» և ամրապնդումը: Սակայն հնարավոր են նաև բացասական զարգացումներ` «մոլոտով-ռիբենտրոպյան», «բրեստ-լիտովսկյան» կամ ռուս-թուրքական «մոսկովյան» տիպի նոր պայմանագրերի կնքման ձևերով:
Բոլոր դեպքերում, ամբողջ հետխորհրդային տարածքը տեկտոնական ապակայունացման նոր փուլ է թեւակոխում, ինչն իր հերթին ենթադրում է վերջին քսանհինգ տարիներից տարբեր քաղաքական մշակույթի հաստատում:
2. Որքան էլ շոշափելի լինեն զուգահեռները ուկրաինական եւ հայաստանյան իրականությունների միջև, պետք է նկատի ունենալ նաեւ դրանց միջև առկա լուրջ տարբերությունները: Որպես դրական տարբերություն կարելի է առաջին հերթին նշել Հայաստանում ներքին էթնիկ պառակտվածության բացակայությունը եւ այդ պատճառով` քաղաքացիական պատերազմի անհնարինությունը: Իսկ որպես լրացուցիչ բարդացնող հանգամանքներ պետք է նկատի ունենալ Արցախի հարցը ևւ Թուրքիայի հետ փոխհարաբերությունների խնդիրը:
3. Բախտորոշ ժամանակներ են մոտենում: Ուկրաինական դասերը սերտելու ժամանակը սահմանափակ է:
Ուկրաինական ժողովրդին ցավակցություն հայտնելով նրան բաժին ընկած ծանր կորուստների համար և հաջողություն մաղթելով նրա ազգային-ազատագրական պայքարին, չմոռանանք, որ Հայաստանի ու հայության առջև նույնպես ծառացել են գոյութենական խնդիրներ, որոնք մեր փոխարեն ոչ ոք չի լուծելու:
Պատմությունը մեզ նորգաղութային լծից ազատագրվելու բացառիկ շանս է տվել եւ մենք իրավունք չունենք բաց թողնելու այն: