Բավ է պառակտվել
01-04-2014 15:03

Հայաստանում Չեխիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Տոմաշ Պերնիցկին:
Նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և հաջողություններ մաղթել նրան՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում: Սերժ Սարգսյանը և դեսպան Պերնիցկին երկուստեք գոհունակությամբ են խոսել վերջին տարիներին դինամիկ զարգացող հայ-չեխական հարաբերությունների մասին, դրա վկայություններից մեկը համարելով ս.թ. հունվարին Նախագահ Սերժ Սարգսյանի պետական այցը բարեկամ Չեխիայի Հանրապետություն և բանակցությունների արդյունքում ձեռքբերված պայմանավորվածությունները:
Զրուցակիցները քննարկել են առևտրատնտեսական, մշակութային և այլ ոլորտներում համագործակցությունը զարգացնելու հնարավորություններն ու ներուժը՝ այդ համատեքստում կարևորելով միջխորհրդարանական, միջկառավարական և Հայաստանի ու Չեխիայի գործարար համայնքների միջև կապերի ամրապնդումն ու ակտիվ փոխգործակցությունը:
Հանրապետության Նախագահը հույս է հայտնել, որ երկու երկրների դեսպաններն իրենց հերթին առավելագույն ջանքեր կներդնեն՝ հայ-չեխական հարաբերությունների վերոնշյալ դինամիկան պահպանելու և շարունակաբար զարգացնելու, ինչպես նաև համագործակցությունը փոխշահավետ ոլորտներում ընդլայնելու գործում: