09-05-2014 20:16

Սերժ Սարգսյանը Արցախում մասնակցել է հաղթանակի օրվան նվիրված միջոցառումներին (լուսանկարներ)

Աշխատանքային այցով այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն մեկնած Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը մայրաքաղաք Ստեփանակերտում և Շուշի քաղաքում մասնակցել է Հաղթանակի տոնի 69-րդ, ԼՂՀ պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 22-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին:


Հանրապետության Նախագահը, Արցախի իշխանությունների, ՀՀ կառավարական պատվիրակության անդամների և տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով ԼՂՀ ժամանած հյուրերի հետ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել՝ ծաղկեպսակ և ծաղիկներ դրել Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին և Արցախյան ազատամարտի նահատակների շիրիմներին:


Հանրապետության Նախագահը, տոնական միջոցառումների շրջանակներում այցելել է նաև Շուշի՝ ծաղկեպսակ ու ծաղիկներ դրել Տանկ-հուշարձանի պատվանդանին և սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին, մասնակցել տոնական համերգին:


Տոների կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանը պարգևատրվել է Արցախի Հանրապետության պետական բարձր պարգևով՝ «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով, որը Շուշիում կայացած միջոցառման ժամանակ ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հանձնել է Հայաստանի Հանրապետության Նախագահին: