12-07-2014 14:10

Մենք` չիլիացիներս շատ քիչ բան գիտենք Հայաստանի մասին. Սանտյագոյի քաղաքապետ

Չիլիի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել նաև Սանտյագոյի քաղաքապետ Կարոլինա Տոհայի հետ:
Քաղաքապետարանի հանդիսությունների սրահում տեղի ունեցած ընդունելության պաշտոնական արարողությունից հետո Քաղաքապետ Կարոլինա Տոհան Հայաստանի Նախագահին է հանձնել քաղաքի բանալին և քաղաքի պատվավոր այցելուի պատվոգիրը: Իր խոսքում նա անդրադարձել է հայ-չիլիական բարեկամական հարաբերությունների ամրապնդման կարևորությանը` ՀՀ Նախագահի այցը մեծ խթան համարելով այդ ճանապարհին. «Հեռու չեմ լինի ճշմարտությունից, եթե խոստովանեմ, որ մենք` չիլիացիներս շատ քիչ բան գիտենք Հայաստանի մասին: Գտնվելով հետու և պարփակված լինելով մեր աշխարհագրությամբ, մենք հաճախ պատկերացնում ենք, որ շատ փոքր երկրներ ենք: Եվ գտնվելով այս մեկուսացած և բարդ աշխարհագրական տարածքում` հաճախ սխալ ենք գործում և աշխարհը պարփակում ենք այն սահմաններով, որոնք մեզ ավելի մոտ են գտնվում: Այնուհանդերձ, պարոն Նախագահ, սա մի գեղեցիկ մարտահրավեր է մեզ համար, որպեսզի մենք մեր դռները բացենք մեկ այլ մշակույթի առջև և մերձենանք հայ ժողովրդի հետ: Հայաստանի Հանրապետությունը լինելով երիտասարդ պետություն` ունի հնամենի մշակութային հարուստ ժառանգություն: Եվ ինչպես շատ հնագիտական ուսումնասիրություններ են ցույց տալիս, Հայաստանը աշխարհի քաղաքակրթության բնօրրաններից է: Հայաստանը շատ հետաքրքիր մի մշակույթ է ձևավորել շնորհիվ Եվրոպայի և Ասիայի հետ իր մշտական կապի»,-ասել է Սանտյագոյի քաղաքապետը:
Պատասխան խոսքում Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ ուրախ է գտնվել Լատինական Ամերիկայի իրավամբ լավագույն քաղաքներից մեկում` Սանտյագոյում, և ի դեմս քաղաքպետ Տոհայի հանդիպել մշտապես ծաղկող այս քաղաքի հմուտ ղեկավարին. «Միաժամանակ ուրախ եմ հիասքանչ Սանտյագոյի խորհրդանշական բանալին ստանալու համար: Ես ընդունում եմ այն` ի նշան Հայաստանի և Չիլիի մայրաքաղաքների միջև հարատև բարեկամության և երկկողմ հարաբերությունների հետագա սերտացման:
Հիացած եմ քաղաքի նրբագեղ ճարտարապետությամբ, քաղաքը շրջապատող Անդյան վսեմ լեռնաշղթայով, որը հիշեցնում է Երևանն ու համայն հայության խորհրդանիշ բիբլիական Արարատ լեռը:


Թեև Հայաստանի և Չիլիի միջև աշխարհագրական մեծ տարածություն է ընկած, սակայն մեր ժողովուրդները դավանում են միևնույն արժեքները: Դա էր պատճառը, որ Օսմանյան Կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունից փրկված հայությունը հասավ այս հեռավոր ափերը և Չիլիի իշխանությունների և ժողովրդի բարեհաճ վերաբերմունքի շնորհիվ կարողացավ ոչ միայն գոյատևել, այլև ապրել ու արարել: Այսօր ցանկանում եմ ևս մեկ անգամ երախտիքի խոսք հղել բարեկամ Չիլիին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու համար: Այս քայլը հատկապես կարևորվում է մեզ համար Ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին:
Հարգարժան ներկանե´ր,
Ես ժամանել եմ Չիլի, որպեսզի երկրի ղեկավարության հետ քննարկեմ մեր երկկողմ հարաբերությունների ընդլայնման և խորացման հնարավորությունները: Մենք համագործակցության խոստումնալից հեռանկարներ ենք տեսնում այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են լեռնարդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, գինեգործությունը, սեյսմիկ պաշտպանությունը, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաները:
Մենք հատկապես կարևորում ենք անմիջական կապերի հաստատումը քաղաքների միջև և արդեն ունենք համագործակցության հաջողված փորձ ձեր տարածաշրջանում: Հայ-չիլիական բարեկամական հարաբերությունների զարգացման համատեքստում մենք, անշուշտ, կուզենայինք, որ մեր մայրաքաղաքների միջև հաստատվեին ամուր կապեր, պատկերավոր ասած՝ որպեսզի կամուրջ ձգվեր Անդերից Արարատ: Հենց այս ցանկությունից ելնելով՝ ես սիրով հրավիրում եմ Ձեզ, տիկին Կարոլինա Տոհա, այցելել Հայաստան:

Եզրափակելով խոսքս, թույլ տվեք կրկին շնորհակալություն հայտնել տիկի՛ն քաղաքապետին այս հրաշալի միջոցառման համար:»,-ասել է նախագահ Սերժ Սարգսյանը: