Բավ է պառակտվել
14-02-2014 18:26

ՙՄՄ-ին անդամակցլուց հետո կտրուկ գնաճը բացառվում է՚. ՀՀ նախագահ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Քաղաքաշինության նախարարություն: Հանրապետության Նախագահը շրջել է աշխատակազմի մի շարք ստորաբաժանումներում, ծանոթացել աշխատանքային պայմաններին, հետաքրքրվել առաջիկա ծրագրերով և առկա խնդիրներով, աշխատակիցների հետ զրուցել իրականացվող աշխատանքների մասին: Շրջայցն ավարտելուց հետո, Նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել նախարարության ղեկավար անձնակազմի հետ: Զեկույցները լսելուց հետո, Նախագահն առանձին խնդիրների վերաբերյալ հարցեր է ուղղել զեկուցողներին, հանձնարարականներ տվել պատասխանատուներին: Իր խոսքում Սերժ Սարգսյանն անդրադարձել է Քաղաքաշինության նախարարության առաջիկա խնդիրներին և գործունեության գերակա ուղղություններին: Հանրապետության Նախագահը պատասխանել է նաև խորհրդակցության մասնակիցներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են հանրապետության սոցիալ-տնտեսական խնդիրներին, ներքին և արտաքին քաղաքականությանը:
Մասնավորապես, պատասխանելով այն հարցին, թե որքանո՞վ են իրականությանը համապատասխանում Մաքսային միությանը Հայաստանի միանալուց հետո իբր անխուսափելի կտրուկ գնաճի մասին տարածվող տեղեկությունները, որոնք հասարակության մեջ անհանգստություն են առաջացնում, Նախագահը վստահեցրել է, որ կտրուկ գնաճ լինել չի կարող՝ անկախ նրանից Հայաստանը միանալու է Մաքսային միությանը, թե ոչ: Սերժ Սարգսյանի խոսքով, որոշակի ապրանքներ կարող են էժանանալ, որոշները՝ թանկանալ, բայց կտրուկ գնաճը բացառվում է: Նախագահը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Մաքսային միությանն անդամակցությունը բխում է մեր ժողովրդի շահերից, և խոսքը չի վերաբերում միայն տնտեսությանը: Կտրուկ գնաճի մասին և նմանատիպ ոչ հավաստի տարբեր տեղեկությունների տարածումը Հանրապետության Նախագահը անթույլատրելի է համարել և նշել, որ պատկան մարմիններն ակտիվորեն պետք է հրապարակային մեկնաբանություններ տան ցանկացած նմանօրինակ ապատեղեկատվության տարածման դեպքում և հանրությանն առավելագույնս ներկայացնեն իրականությունն ու ճշմարտությունը: «Մենք միշտ պետք է հիշենք, որ Հայաստանում արդեն ունենք մամուլի ազատության շատ բարձր աստիճան»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը: