11-08-2014 11:37

Ադրբեջանը լավ գիտի մեր զինուժի հնարավորությունների մասին. ՀՀ նախագահ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Արմնյուզ» հեռուստաընկերության տված հարցազրույցի ժամանակ անդրադարձավ Ադրբեջանի հոխորտանքների վերաբերյալ Հայաստանի արձագանքին։ Նախագահն ասաց, որ ամեն ինչին արձագանքելը մեր գործելաոճը չէ։ «Ես խորը համոզմունք ունեմ,որ երկրի նախագահը, պաշտպանության նախարարը և որոշ այլ գործիչներ իրավունք չունեն հուզական ելույթներ ունենալ»-ասաց նա և նշեց, որ հուզական ելույթներն այլ դեպքերում են անհրաժեշտ։ «Եթե ամեն անգամ Սերյան Օհանյանը պատասխանի Ադրբեջանի պաշտպանության նախարարին, լեզվակռիվն ո՞ւմ է պետք»,-ասաց նա։


Նա նշեց, որ անհրաժեշտության դեպքում պատասխաններ, իհարկե, կհնչեն, սակայն ինչու արձագանքել, երբ Ադրբեջանի նախագահն ասում է, որ Հայաստանի իշխանությունները կոռումպացված են, կրիմինալ են, երբ բոլորը խոսում են Ադրբեջանի իշխանությունների կոռումպացված լինելու մասին։


«Անշուշտ կան դեպքեր, երբ պետք է պատասխանել և անհարժեշտ է։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի պաշտպանության նախարարի հոխորտանքին, ապա Ադրբեջանի նախագահը շատ լավ բան ասաց, որ կողմերը քաջատեղյակ են իրենց հնարավորությունների մասին։ Իհարկե,մենք քաջատեղյակ ենք ինչ հնարավորություն ունենք, և իրենք ևս տեղյակ են այդ մասին։ Ադրբեջանի զինված ուժերը Նախիջևանից կարող են հասնել Երևանի սահմաններին, եթե ռազմական գործողություններ սկսվեն, սակայն այդպիսի բաները անպատիժ երբեք չեն մնում, և նրանք շատ լավ գիտեն, թե ինչ կարողություններ ունեն»,-ասաց ՀՀ նախագահը։

Սերժ Սարգսյանը նշեց, որ մենք ունենք 300 կմ հեռահարության բալիստիկ հրթիռներ,որոնք ցանկացած բնակավայր կարող են վերածել Աղդամի ավերակների։ «Եթե այդ մարդիկ իրենց գլխից ձեռք են քաշել, եթե որոշել են, որ ռազմական գործողություններին կարող են գնալ և Երևանը որպես թիրախ են ընտրել, ուրեմն թող պատասխանատվության մասին մտածեն»,-ասաց նա։