27-09-2014 08:07

Նախագահը Սհանդիպել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հետ (լուսանկարներ)

Աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն  հանդիպում է ունեցել Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հետ:

Սերժ Սարգսյանը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտքեր են փոխանակել Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում քննարկված կարևորագույն օրակարգային հարցերի շուրջ:

Զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասի կայունությանը և անվտանգությանը վերաբերող հարցեր: Հանրապետության Նախագահը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ներկայացրել է ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները: Սերժ Սարգսյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը` շարունակելու ակտիվ ներգրավվածությունը ՄԱԿ-ի և նրա կառույցների գործունեությանը:

Նյու Յորքում Նախագահ Սերժ Սարգսյանը նաև այցելել է Սուրբ Վարդան Հայ Առաքելական եկեղեցի, ծաղիկներ խոնարհել Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի առջև: Հանրապետության Նախագահն այնուհետև Հայ Առաքելական եկեղեցու Ամերիկայի արևելյան թեմի առաջնորդ Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանի կողմից հյուրընկալված աշխատանքային ճաշի ընթացքում հանդիպում է ունեցել Նյու Յորքի և Նյու Ջերսիի հայ համայնքի ականավոր համայնքային գործիչների հետ: