30-10-2014 07:34

Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Հորդանանի վարչապետի հետ

Հորդանանի Հաշիմյան Թագավորություն պաշտոնական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն  հանդիպում է ունեցել Հորդանանի վարչապետ Աբդալլահ ալ-Նուսուրի հետ: Զրուցակիցները հայ-հորդանանյան քաղաքական երկխոսության զարգացման հետ միասին կարևորել են տնտեսական ակտիվ համագործակցությունը՝ նկատի առնելով առկա մեծ ներուժը: Հայաստանի Նախագահը և Հորդանանի վարչապետն ընդգծել են փոխգործակցության զարգացմանն ուղղված իրավապայմանագրային դաշտի ընդլայնման անհրաժեշտությունը և այդ առումով ողջունելի համարել երկու երկրների ղեկավարների ներկայությամբ այսօր ստորագրված ավելի քան մեկ տասնյակ փաստաթղթերը, ինչպես նաև երկու երկրների գործարարների միջև շփումները խրախուսելու երկկողմ պատրաստակամությունը: Նախագահը նշել է, որ վարչապետ Աբդալլահ ալ-Նուսուրիի գլխավորած կառավարության իրականացրած սոցիալ-տնտեսական բարեփոխումները տեսանելի են և վկայում են երկրի վարչապետի՝ որպես իմաստուն ղեկավարի, հարուստ փորձառության և արդյունավետ կառավարման մասին:

Սերժ Սարգսյանի խոսքով, Հորդանանի բաց տնտեսությունը գրավիչ է ցանկացած երկրի գործարարների համար, ներդրումային բարենպաստ միջավայր է ստեղծված նաև Հայաստանում: Հանրապետության Նախագահը ուրախալի է համարել, որ չնայած բոլոր դժվարություններին, երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալներում որոշակի դրական տեղաշարժ կա: Նախագահ Սերժ Սարգսյանը և Հորդանանի վարչապետ Աբդալլահ ալ-Նուսուրին համակարծիք են եղել, որ զբոսաշրջության, էներգետիկայի, գյուղատնտեսության, առողջապահության և մի շարք այլ ոլորտներում անհրաժեշտ է ակտիվացնել համագործակցությունը, ինչին կարող է մեծապես նպաստել երկու երկրների միջև ուղիղ չվերթների բացումը: Զրուցակիցները տնտեսական ոլորտում փոխգործակցության զարգացման համար մեծապես կարևորել են նաև մերձավորարևելյան և հարավկովկասյան տարածաշրջաններում հակամարտությունների կարգավորումը, խաղաղության ու կայունության հաստատումը:

Վարչապետ Աբդալլահ ալ-Նուսուրին մեծագույն հարգանքով է խոսել հայ ժողովրդի մասին՝ ընդգծելով, որ թեև փոքրաթիվ, բայց իր մեջ մեծ ուժ ունեցող և տոկուն ժողովուրդ է, որը համաշխարհային քաղաքակրթության մեջ իր մեծ ներդրումն ունի: Հորդանանի վարչապետն իր խոսքում կարևորել է կրոնական հանդուրժողականությունը, շեշտել, որ և՛ իսլամը, և՛ քրիստոնեությունը քարոզում են համատեղ խաղաղ գոյակցություն՝ զերծ արյունահեղություններից ու բարբարոսությունից: Նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի օրինակը, որը շատ լավ հարաբերություններ ունի հարևան Իրանի, արաբական բազմաթիվ երկրների հետ, որոնք հայ ժողովրդի համար դժվարին պահերին ձեռք են մեկնել և այսօր էլ այդ երկրներում ապրող հայկական համայնքների նկատմամբ ջերմ ու բարյացակամ վերաբերմունք են ցուցաբերում: Կրոնական հակամարտություն քարոզողները, Նախագահի համոզմամբ, հաջողություն ունենալ չեն կարող: