15-10-2014 20:07

Սերժ Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի դեսպանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Չանչունին` դիվանագիտական առաքելությունը մեր երկրում ավարտելու կապակցությամբ:

Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ պաշտոնավարման տարիներին հայ-չինական հարաբերությունների ամրապնդմանն ուղղված արդյունավետ գործունեության համար, ընդգծելով, որ երկու երկրների միջև հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, հատկապես վերջին տարիներին փոխշահավետ մի շարք ոլորտներում զգալիորեն ակտիվացել է հայ-չինական համագործակցությունը, հաճախակի են դարձել տարբեր մակարդակի փոխայցելությունները, ընդլայնվել է իրավապայմանագրային դաշտը, առևտրաշրջանառության ծավալներում արձանագրվել է որոշակի առաջընթաց: Այդ ամենում Սերժ Սարգսյանը մեծապես կարևորել է դեսպան Թիան Չանչունի անձնական ներդրումը:Դեսպան Չանչունը շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին՝ գնահատանքի ու ջերմ խոսքերի համար և նշել, որ Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն իրականացրել է մեծագույն հաճույքով ու հեռանում է լավագույն տպավորություններով՝ մնալով հայ ժողովրդի և Հայաստանի բարեկամը: