31-01-2014 11:49

Ի պատիվ ՀՀ Նախագահի` Չեխիայի Նախագահ անունից տրվել է պետական ընթրիք

 ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապի վարչությունից tտեղեկացնում են, որ ի պատիվ պետական այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի` Չեխիայի Նախագահ Միլոշ Զեմանի անունից երեկ երեկոյան տրվել է պետական ընթրիք:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ արարողակարգի համաձայն, երկու երկրների նախագահները հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով, որտեղ անդրադարձել են ՀՀ Նախագահի Չեխիա կատարած պետական այցի արդյունքներին, միջպետական հարաբերությունների զարգացման հեռանկարին, ամենատարբեր ոլորտներ ընդգրկող հայ-չեխական երկկողմ օրակարգի հարցերին, երկու ժողովուրդների պատմական առնչություններին, ինչպես նաև հայ-չեխական հարաբերություններում բնական կամուրջ հանդիսացող Չեխիայի հայ համայնքին և մի շարք այլ հարցերի:
Երկուստեք ընդգծվել է, որ հայ և չեխ ժողովուրդների բարեկամությունն ամուր հիմք է միջպետական հարաբերությունները զարգացնելու և խորացնելու համար: Նախագահներ Սարգսյանը և Զեմանը կարևորել են ՀՀ Նախագահի պետական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններն ու ստորագրված փաստաթղթերը կյանքի կոչելու ուղղությամբ հետագա երկկողմ ակտիվ աշխատանքը:
Իր շնորհակալական խոսքում Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ հայ ժողովուրդը երախտագիտությամբ է հիշում չեխ ժողովրդի այնպիսի արժանավոր զավակների անունները, որոնցից են առաջին աշխարհամարտից հետո հռչակված Չեխոսլովակիայի Նախագահ Տոմաշ Մասարիկին, նրա ժամանակակից, չեխ գրող և հումանիստ Կարել Հանսային, ովքեր իրենց մարդասիրական և քաղաքական-հասարակական գործունեությամբ լույս սփռեցին 20-րդ դարի առաջին՝ Հայոց ցեղասպանության վրա:
Սերժ Սարգսյանն իր խոսքում հիշատակել է նաև հայագիտական ուսումնասիրություններին նվիրված չեխ ժողովրդի մեծավաստակ զավակներ լեզվաբան-սեպագրագետ Բեդրիխ Հրոզնիին, հայագետ-թարգմանիչներ Վացլավ Չեռնիին, Լյուդմիլա Մոտալովային, որոնց շնորհիվ չեխերեն են թարգմանվել հայ ժամանակակից մեծ բանաստեղծներ Իսահակյանի, Սևակի, Սարյանի և այլոց ստեղծագործությունները:
Ի հավաստումն երկու ժողովուրդների բարեկամության, Հանրապետության Նախագահը նշել է հիշարժան մեկ այլ փաստ ևս. Տոմաշ Մասարիկի նախագահության օրոք և անձամբ նրա որոշմամբ՝ շուրջ 60 հայազգի ուսանողներ հնարավորություն են ստացել չեխական կրթաթոշակներով ուսանել երկրի հեղինակավոր համալսարաններում` հաղորդակցվելով և որդեգրելով եվրոպական մշակույթն ու ժամանակի առաջադեմ հասարակական և քաղաքական հայացքները: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ այսօր էլ Չեխիայում շարունակում են ուսանել Հայաստանի քաղաքացիները՝ կրթվելով ու հաղորդակցվելով եվրոպական մշակույթին:
Խոսքի ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել Չեխիայի Հանրապետության Նախագահին հրավերի, ջերմ հյուրընկալության ու փոխվստահության մթնոլորտում արդյունավետ քննարկումների համար և մաղթել Չեխիային, բարեկամ չեխ ժողովրդին և հայ-չեխական բարեկամությանը հարատևություն ու բարօրություն: