Բավ է պառակտվել
21-03-2014 17:23

«Երբեք, համենայնդեպս, ես չեմ հիշում, որ Ղարաբաղի հարցով այսպիսի միանշանակություն լինի».ՀՀ նախագահ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Արտաքին գործերի նախարարություն: Հանրապետության Նախագահը շրջել է աշխատակազմի մի շարք ստորաբաժանումներում, այդ թվում՝ սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության, ԱՊՀ երկրների և հյուպատոսական վարչություններում, մամլո ծառայությունում, հետաքրքվել նախարարության դիվանագիտական դպրոցի ընթացիկ գործունեությամբ ու զարգացման ծրագրերով։ Սերժ Սարգսյանը ծանոթացել է արտաքին քաղաքական գերատեսչության աշխատանքային պայմաններին, զրուցել աշխատակիցների հետ՝ նրանց գործառույթների, իրականացվող ծրագրերի և առկա խնդիրների մասին։ Շրջայցն ավարտելուց հետո, Նախագահը խորհրդակցություն է անցկացրել նախարարության ղեկավար անձնակազմի հետ: Արտաքին գործերի նախարարը, նախարարի տեղակալները, ԱԳՆ գլխավոր քարտուղարը զեկուցել են իրենց համակարգման ոլորտներում իրականացված աշխատանքների, առկա խնդիրների, դրանց լուծման ուղղությամբ նախատեսված միջոցառումների և առաջիկա ծրագրերի մասին. Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հիմնական ուղղություններով ներկայացրել է 2008 թվականից ի վեր նախարարության գործունեությունը, ԱԳՆ առջև դրված խնդիրների իրականացմանը միտված աշխատանքները։
Նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը զեկուցել է ԱՊՀ և սահմանակից Իրանի և Վրաստանի հետ մեր երկրի հարաբերությունների զարգացման ուղղությամբ, ինչպես նաև Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցության գործընթացի շրջանակներում իրականացվող միջոցառումների մասին: Փոխարտգործնախարար Սերգեյ Մանասարյանը ներկայացրել է Ասիական երկրների, Մերձավոր և Միջին Արևելքի պետությունների հետ համագործակցության խորացմանն ուղղված քայլերը, քաղաքացիներին մատուցվող հյուպատոսական ծառայությունների բարեփոխումներն ու այդ ոլորտում առկա խնդիրները: Նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը զեկուցել է բազմակողմ դիվանագիտության բնագավառում իրականացվող աշխատանքները, ինչպես նաև ծրագրերի, ռազմաքաղաքական փոխգործակցության, միջազգային անվտանգության ապահովման ուղղությամբ աշխատանքների մասին: Նախարարի մեկ այլ տեղակալ, Եվրոպական միության հետ գլխավոր բանակցող Զոհրաբ Մնացականյանը ներկայացրել է Եվրամիության հետ Հայաստանի համագործակցության զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: ԱԳՆ գլխավոր քարտուղար Շահեն Ավագյանը Հանրապետության Նախագահին զեկուցել է նախարարության կազմակերպչական հարցերի մասին և որոշակի առաջարկներ ներկայացրել առանձին խնդիրների լուծման ուղղությամբ:
Արծարծված առանձին խնդիրների վերաբերյալ Սերժ Սարգսյանը հարցեր է ուղղել զեկուցողներին, իր դիտողություններն ու դիտարկումները ներկայացրել և հանձնարարականներ տվել պատասխանատուներին, խոսել նախարարության գործունեության գերակա ուղղությունների և առաջիկա անելիքների մասին:
Հանրապետության Նախագահը կարևորել է աշխատանքային ձևաչափով այսօրինակ հանդիպումները՝ ընդգծելով, որ նման շփումը լավ հնարավորություն է ընձեռում նախարարության ընթացիկ գործունեությանը տեղում ծանոթանալու, առկա խնդիրներին համակողմանի տեղեկանալու, դրանց շուրջ անկաշկանդ քննարկում ունենալու և լուծումներ առաջարկելու: Նախագահը պատասխանել է նաև խորհրդակցության մասնակիցներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են ինչպես մեր երկրի արտաքին քաղաքականությանը, այնպես էլ անվտանգությանն ու պաշտպանունակությանը, տնտեսությանը, տարածաշրջանային խնդիրներին, Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին, դրանց շուրջ ծավալվող զարգացումներին և մի շարք այլ թեմաների: Պատասխանելով Հայաստանի արտաքին քաղաքականությանն ու անվտանգությանը վերաբերող հարցին՝ Սերժ Սարգսյանը իրականացվող աշխատանքներում կարևորել է մասնավորապես դրանց արդյունքը. «Խնդիրը հետևյալում պետք է լինի՝ մենք մեկ տարի անց կարողացա՞նք մեր անվտանգության ապահովման երաշխիքը բարձրացնել, թե՞ չկարողացանք: Մեզնից յուրաքանչյուրը՝ պետական պաշտոնյաներից, իր պարտականություններն ունի. ես պարտականություն ունեմ մեր երկրի տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունն ապահովելու և դրա համար եմ պատասխանատու: Ամեն ինչը պետք է գնահատել արդյունքներով: Համարում եմ, որ այսօր մեր ունեցած միջազգային հարաբերություններով, մեր ներգրավվածությամբ, դաշնակիցների տեսակով և որակով, շատ ավելի անվտանգ ենք, քան էինք հինգ տարի առաջ: Երբեք մեր բանակն այսքան սպառազինված ու մարտունակ չի եղել: Երբեք, համենայնդեպս, ես չեմ հիշում, որ Ղարաբաղի հարցով այսպիսի միանշանակություն լինի: Մենք ունենք մի որակ, մի հատկանիշ՝ մենք չենք փորձում որևէ մեկին խաբել կամ մոլորեցնել, մենք ասում ենք՝ սա՛ է մեր շահը, մենք սրա համար պատրաստ ենք սա անել, այստեղ պատրաստ չենք սա անել»:
Խորհրդակցության ավարտին Արտաքին գործերի նախարարության մի խումբ աշխատակիցներ բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար արժանացել են խրախուսանքի: