Բավ է պառակտվել
28-10-2014 11:30

Նախագահների նախօրեի հանդիպմանն ավելի կոնկրետ է խոսվել.քաղաքագետ

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը համոզմունք հայտնեց, որ նախօրեին Փարիզում կայացած նախագահներ Սարգսյան-Օլանդ-Ալիև հանդիպմանը, ի տարբերություն օգոստոսին և սեպտեմբերին կայացած հանդիպումների, ավելի կոնկրետ է խոսվել, նույնիսկ որոշ առաջխաղացում է ձեռք բերվել շփման գծում վստահության մեխանիզմների, լարվածության մեղմացման հարցերի շուրջ:
«Նախարար Նալբանդյանի մակարդակով, նաև նախագահի մամուլի ծառայության տրամադրած տեղեկատվության համաձայն, թվում է, թե հայկական կողմն ավելի հստակ է խոսում շփման գոտում վստահության մեխանիզմների ու լարվածության մեղմացման հարցերի վերաբերյալ: Բայց արդյոք առաջիկայում Ադրբեջանը կարող է պահպանել այդ հարցի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը, չեմ կարող ասել»,- նշեց քաղաքագետը: Փորձագետը նաև այն փաստը, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումները դարձել են ավելի հաճախակի: «Ինչ վերաբերում է բանակցությունների ղարաբաղյան կողմի մասնակցության, ապա և Մինսկի խմբի համանախագահները, և հայկական կողմը խոսում են այդ մասին, այդ մասին գիտի նաև Ադրբեջանը: Երբ որ ընդունվեն հիմնարար սկզբունքները, սկսվեն իրական բանակցությունները, բնականաբար, այդ պահին ղարաբաղյան կողմը որպես հակամարտության և գլխավոր տուժող կողմ, և գլխավոր մասնակից, պետք է ներգրավված լինի»,-եզրափակեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: