Բավ է պառակտվել
19-12-2014 15:03

Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ, ԵՎՐԱՆԵՍԹ ԽՎ-ի Բյուրոյի անդամ Ռիշարդ Չարնեցկուն: Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Սերժ Սարգսյանը ողջունել է հյուրին եւ կարեւորել նման հանդիպումները, որոնք, Նախագահի համոզմամբ, լավ հնարավորություն են Եվրոպական համայնքի Հայաստանի բարեկամների հետ քննարկելու Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման հեռանկարները: Հանրապետության նախագահը եւ ազգությամբ լեհ Ռիշարդ Չարնեցկին ջերմությամբ են հիշել նախկինում տեղի ունեցած իրենց հանդիպումները եւ Հայաստանի ու Լեհաստանի Նախագահների փոխայցելությունները, գոհունակությամբ փաստելով, որ հայ-լեհական միջպետական հարաբերությունները վերընթաց զարգանում են: Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ ի դեմս Լեհաստանի՝ միջազգային ասպարեզում Հայաստանն ունի վստահելի գործընկեր, որի հետ բարեկամական հարաբերությունները հիմնված են պատմական առնչությունների եւ տարբեր հարցերի նկատմամբ ընդհանուր մոտեցումների վրա: Ռիշարդ Չարնեցկին նշել է, որ իր երկիրը շատ լավ է պատկերացնում եւ հատուկ ըմբռնում ունի այն աշխարհաքաղաքական իրավիճակի վերաբերյալ, որում գտնվում է Հայաստանը: Հանդիպմանը զրուցակիցները երկուստեք կարեւորել են ԵՄ-ի հետ միջխորհրդարանական համագործակցությունը, որը տեղի է ունենում ՀՀ-ԵՄ խորհրդարանական համագործակցության կոմիտեի, ինչպես նաեւ Արեւելյան գործընկերության խորհրդարանական ձեւաչափի` ԵՎՐԱՆԵՍԹ խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում: Սերժ Սարգսյանը եւ Ռիշարդ Չարնեցկին քննարկել են այդ փոխգործակցությունն արդյունավետորեն զարգացնելու հնարավորությունները: Նախագահ Սերժ Սարգսյանը Չարնեցկուն ներկայացրել է նաեւ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը, խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների եւ Հայաստանի ջանքերն ու առկա խնդիրները: Հանրապետության նախագահն անդրադարձել է նաեւ 2015թ. Հայոց ցեղասպանության 100-ամյակի ոգեկոչման խորհրդին՝ մեծապես կարեւորելով այդ ոճրագործության ճանաչման, դատապարտման, այդպիսով՝ հետագայում այլ ցեղասպանությունների կանխարգելման գործում խորհրդարանականների դերը: