Բավ է պառակտվել
12-12-2014 17:42

Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ալժիրի նորանշանակ դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սմայիլ Ալլաուային (նստավայրը՝ Մոսկվա): Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հույս հայտնել, որ պաշտոնավարման ընթացքում նա իր մասնագիտական կարողություններն ու մեծ փորձառությունը կներդնի ի նպաստ Հայաստանի և Ալժիրի միջև հարաբերությունների ամրապնդման: Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է քաղաքական երկխոսությունն ու շփումները Արաբական աշխարհի, այդ թվում՝ Ալժիրի հետ և պատրաստակամ է ուսումնասիրել տարբեր ոլորտներում համագործակցության հնարավորությունները: Նախագահի խոսքով, դիտորդի կարգավիճակով Հայաստանի ներգրավումը Արաբական պետությունների լիգայի աշխատանքներում ևս նպաստում է այդ փոխգործակցության զարգացմանը:

Սերժ Սարգսյանը և դեսպան Ալլաուան համակարծիք են եղել, որ հայ և արաբ ժողովուրդները միմյանց շաղկապված են դարերի պատմություն ունեցող բարեկամությամբ, որի հիմքի վրա այսօր Հայաստանի և արաբական երկրների միջև հաջողությամբ զարգանում են միջպետական հարաբերությունները: Նրանք հայ-ալժիրյան փոխգործակցության ներկայիս մակարդակը բավարար չեն համարել և ընդգծել են, որ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում ընդհանուր մոտեցումների շուրջ համագործակցությունը զարգացնելու և միմյանց օժանդակելու մեծ ներուժ կա, որի ուղղությամբ անհրաժեշտ է երկուստեք ակտիվ աշխատանք իրականացնել: Այդպիսի ընդհանուր մոտեցումներից մեկը, Ալժիրի դեսպանի խոսքով, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի վերաբերյալ մոտեցումն է: Զրուցակիցները կարևորել են նաև արագ փոփոխվող աշխարհում նոր մարտահրավերներին դիմակայելու գործում համագործակցությունը: Հանդիպման ավարտին Սերժ Սարգսյանը հաջողություն է մաղթել դեսպան Ալլաուային՝ իր պատասխանատու առաքելության իրականացման գործում: