17-02-2014 18:18

ՀՀ նախագահի՝ ԵԿՄ համագումարում արտահայտած դիրքորոշումը ճնշում էր ՍԴ-ի վրա. ՛՛Դեմ եմ՛՛ նախաձեռնություն

՛՛Դեմ եմ՛՛ նախաձեռնությունը տարածել է մի հաղորդագրություն, ըստ որի փետրվարի 15-ին ԵԿՄ համագումարի ժամանակ ՛՛Կուտակային կենսաթոշակների՛՛ մասին ՀՀ օրենքի վերաբերյալ ՀՀ նախագահ Սերժ սարգսյանի ելույթը և արտահայտած դիրքորոշումը բացահայտ ճնշում է ՀՀ Սահմանադրական դատարանի վրա:
Հաղորդագրությունում ասվում է.
«Այն փաստը, որ նախագահի համար Սահմանադրական դատարանի վարույթում գտնվող օրենքը, որի որոշ հոդվածներ նույնիսկ կասեցված են, ընդամենը պարունակում է անհաջող ձեւակերպումներ եւ դրանց փոփոխումը իմաստի փոփոխման չի բերելու, մենք գնահատում ենք որպես անարգանք Սահմանադրական դատարանի ինստիտուտի հանդեպ եւ ակնհայտ ճնշում Բարձրագույն դատարանի վրա:
Ժողովրդավար երկրներում երբեք չեն իրականացվում փոփոխություններ, այն էլ բարեփոխում անվան ներքո, որոնց դեմ է արտահայտվում բնակչության 80%-ը: Նախագահի խոսքից ակնհայտ է, որ մենք, փաստորեն, ժողովրդավար երկրում չենք ապրում:
ՀՀ կառավարությունն ու նախագահը, մեղմ ասած, արհամարհում են ժողովրդի մեծամասնության կարծիքն ու պարտադրում իշխող նեղ խմբակի որոշումները՝ մոռանալով, որ իշխանությունը ՀՀ-ում պատկանում է ժողովրդին: Կոչ ենք անում ՍԴ-ին չենթարկվել ճնշումներին եւ իր վերջնական ու պարտադրող որոշմամբ, անդավաճան մնալով իր կոչմանն ու առաքելությանը, վերահասատատել ժողովրդի իրական կամքը՝ ստիպելով կառավարությանը հարգել Սահմանադրությունը, ենթարկվել ժողովրդի կամքին ու չփորձել յուրացնել իշխանությունը»,- ասվում է հայտարարության մեջ: