Բավ է պառակտվել
13-05-2014 09:22

ՀՀ Նախագահի անունից` ի պատիվ Ֆրանսուա Օլանդի տրվել է պետական ընթրիք (լուսանկարներ)

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի անունից` ի պատիվ պետական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի, երեկ երեկոյան Նախագահի նստավայրում տրվել է պետական ընթրիք:

Արարողակարգի համաձայն՝ երկու երկրների նախագահները հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով, անդրադարձել հայ-ֆրանսիական դարավոր բարեկամությանն ու երկու բարեկամ ժողովուրդների պատմական առնչություններին, միջպետական հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակին և դրանց զարգացման հեռանկարին:


Ֆրանսիայի Նախագահի պատվին տրված ընդունելության ժամանակ անակնկալ է մատուցվել հյուրընկալությանը ներկա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին. Հայաստանի և Ֆրանսիայի նախագահների և ընդունելությանը մասնակցող բազմաթիվ հյուրերի ներկայությամբ Շառլ Ազնավուրի 90-ամյա հոբելյանի առթիվ հատուկ ձևավորմամբ տոնական տորթ է մատուցվել, որին հաջորդել են ներկաների շնորհավորանքներն ու բարեմաղթանքները:


Նախագահ Սերժ Սարգսյանի բաժակաճառը Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդի պատվին տրված պետական ընթրիքի ժամանակ

Մեծարգո՛ պարոն Նախագահ,

Հարգարժա՛ն տիկնայք և պարոնայք,

Մեզ համար մեծ պատիվ է պետական այցով Հայաստանում հյուրընկալել բարեկամ Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի ղեկավարած պատվիրակությանը: Վստահ եմ՝ ձեզնից շատերը գիտեն, որ պարոն Օլանդը մեր երկրում գտնվելու առիթ է ունեցել դեռևս 2007 թվականին, և ուրախ եմ, որ այսօր նրան մենք հյուրընկալում ենք արդեն Ֆրանսիայի Նախագահի բարձր պաշտոնում:

Ֆրանսիայի Նախագահի յուրաքանչյուր այց մեր երկիր, հագեցած քննարկումներով հանդերձ, վերածվում է իսկական տոնակատարության, քանի որ ջերմ տրամադրությունը տիրում է ամենուր:

Հայ և ֆրանսիացի ժողովուրդների միջև առանձնահատուկ համակրանքը բխում է բազմադարյա առնչություններից: Անդրադարձ կատարելով պատմական աղբյուրներին՝ հայ և ֆրանսիացի ժողովուրդների կապերի մասին մի հսկայական ժառանգություն ենք բացահայտում: Փարիզի Սեն Դընի արքայական դամբարանում Ֆրանսիայի թագավորների կողքին ամփոփված Կիլիկիայի Հայոց արքա Լևոն 5-րդի գերեզմանը փաստում է երկու թագավորությունների միջև սերտ կապերի մասին: Պատմական աղբյուրները վկայում են ֆրանսիական արքունիքում մեծ համարում ունեցող հայազգի թարգմանիչների, ճարտարապետների, առևտրային ակտիվ կապերի, 17-րդ դարում Ոսկան Երևանցու կողմից Մարսելում հիմնված հայկական տպագրության, 18-րդ դարում Փարիզի Արևելյան կենդանի լեզուների դպրոցում բացված հայագիտության ամբիոնի մասին. վերջինը, ի դեպ, գործում է մինչև այսօր: Ֆրանսիայի նորագույն պատմության էջերում անմահացել են Միսաք Մանուշյանը և Դիմադրության շարժման նրա զինակիցները: Վաղը առիթ ենք ունենալու միասին հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին:

Ուրախալի է, որ այդ ժառանգությունը մշտապես համալրվում է: Ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել անգերազանցելի մաեստրո, հայ և ֆրանսիացի ժողովուրդների բարեկամության մարմնացում, հարգարժան Շառլ Ազնավուրին՝ իր ինը տասնյակ գարունների եռանդը շքեղ համերգի տեսքով մեզ շնորհ անելու համար:

Հարգարժա՛ն ներկաներ,

Պատմական այս կապերն ակնհայտորեն իրենց հետքն են թողել մեր միջպետական հարաբերություններում: Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր՝ մեր օրակարգը զարգացել է ամենատարբեր ուղղություններով: Չկա մի ոլորտ, ուր ձեռքբերումներ արձանագրված չլինեն՝ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ կրթամշակութային:

Հայ-ֆրանսիական հարաբերությունների ամրապնդման գործում կարևոր դերակատարություն ունի նաև միջխորհրդարանական համագործակցությունը, որի պարագայում նույնպես առկա է անցյալի գործոնը: Ես ցանկանում եմ հիշատակել Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր, մեծ հումանիստ Ժան Ժորեսի անունը, ով առաջիններից բարձրաձայնեց Օսմանյան կայսրությունում 19-րդ դարի վերջին հայերի հանդեպ համիդյան ջարդերի մասին: Մենք շնորհակալ ենք Ֆրանսիային մարդկությանը նման երախտավոր զավակներ տալու համար, ինչպես նաև 1915 թվականին Օսմանյան կայսրության կողմից իրագործված Հայոց ցեղասպանությանից փրկված տարագիրներին ապաստան տալու և ապահով ապագա ընձեռելու համար: Ձեր պարագայում, պարո՛ն Նախագահ, երախտագիտության իմ խոսքն եմ ուղղվում Ձեզ ոչ միայն որպես այդ քայլն արած պետության Նախագահի, այլև հայկական հարցի և Հայոց ցեղասպանության դատապարտման ու դրա ժխտողականությունը քրեականացման գործի առաջամարտիկի:

Հազարավոր հայեր արժանին փոխհատուցեցին Ֆրանսիային: Պահպանելով կարոտը կորսված հայրենիքի և հավատարմությունը՝ հայ ինքնության հանդեպ, նրանք նվիրվեցին Ձեր երկրին և որպես օրինակելի քաղաքացիներ՝ ֆրանսիացի ժողովրդի հետ համերաշխորեն հանձն առան Առաջին աշխարհամարտից կեղեքված Ֆրանսիայի վերակառուցմանը, Երկրորդ աշխարհամարտի ընթացքում նրա ազատագրմանը՝ հետագայում իրենց ստեղծագործ աշխատանքը ներդնելով Ֆրանսիայի բարգավաճմանն ու միջազգային հեղինակության ամրապնդմանը:
Պարո՛ն Նախագահ,

Հայաստանը գիտի, որ Ֆրանսիան իր կողքին է մեզ համար զգայուն ու կարևոր բոլոր հարցերում: Մենք բարձր ենք գնահատում Ֆրանսիայի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի հետևողական ջանքերը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման բանակցություններում:

Հայաստանը բարձր է գնահատում նաև բարեկամ Ֆրանսիայի աջակցությունը մեր արտաքին քաղաքականության եվրոպական ուղղության զարգացմանը: Եվրամիության օժանդակությամբ մեր երկրում լայնածավալ բարեփոխումներ են իրականացվել՝ նպաստելով ժողովրդավարության, մարդու իրավունքների, օրենքի գերակայության և իրավական պետության ամրապնդմանը: Գիտակցելով, որ դեռ անելիքներ ունենք այս ճանապարհին՝ Հայաստանը հանձնառու է խորացնել համագործակցությունը Եվրամիության հետ և այդ առումով կարևորում է, իհարկե, Ֆրանսիայի հետևողական աջակցությունը:
Հարգարժա՛ն հյուրեր,

Մտորելով, թե ի վերջո որն է հայ-ֆրանսիական հարաբերությունների կենսունակության բանաձևը՝ առանց վարանելու կարող ենք հաստատել՝ մեր ժողովուրդների արժեհամակարգային միասնությունը, որից սերմանվել և ուժ է ստանում հայ-ֆրանսիական միությունը: Թույլ տվեք բաժակ բարձրացնել ի պատիվ Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ պարոն Ֆրանսուա Օլանդի և բարեկամ Ֆրանսիայի:

Կեցցե՛ Ֆրանսիան,

Կեցցե՛ Հայաստանը,

Կեցցե՛ հայ-ֆրանսիական բարեկամությունը: