Բավ է պառակտվել
27-02-2015 10:59

Հայաստանում քաղաքական ճգնաժամ է, որը վերաբերում է ողջ քաղաքական սպեկտորին.Ժառանգություն

Հայաստանում քաղաքական ճգնաժամ է, որը վերաբերում է ողջ քաղաքական սպեկտորին, չնայած իշխանությունը մտածում է, որ դա վերաբերում է ընդդիմությանը: Նման տեսակետ ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտնեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը։
«Քաղաքական դաշտն այսօր ամլացել է, և այս առումով ուղղակի ես չեմ կարծում, որ սա երկար շարունակվի։ Թվացալ լռություն է, որտեղ իրականում ճիչ կա, աղմուկ կա, և դա մի օր կմտնի Ազատության հրապարակ և իր խոսքը կասի»,-հայտարարեց Ռուբեն Հակոբյանը:
Այնուհանդերձ, դա մարտի 1-ին՝ ՀԱԿ-ի հանրահավաքի օրը չի լինի, որովհետև «Ժառանգությունը», ինչպես և հայտարարել է, կլինի Հայաստանի արևելյան շրջաններում.«Մարտի մեկին կլինենք արևելյան սահմանին, հանդիպումներ կունենանք Վանաձորում, Շամշադինում, Բերդում»։
Ռուբեն Հակոբյանը նշեց, որ օրը հատուկ չէր ընտրված. «Ունեինք մեր աշխատանքային գրաֆիկը»:
Իսկ թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցության արտահերթ համագումարի հրավեր ստացե՞լ են, Ռուբեն Հակոբյանը նշեց, թե առայժմ ոչ. «Չգիտեմ՝ հրավերներ կլինե՞ն, քաղաքական ուժերը կմասնակցե՞ն, թե ոչ»։
Ռուբեն Հակոբյանը վստահ է՝ ժողովրդի 90% դժգոհ է իշխանության վարած քաղաքականությունից, մինչդեռ իշխանությունները չեն գիտակցում, որ ժողովրդի մի 10-15%-ը հավաքվում է հանուն ինչ-որ բանի, բայց մեծ մասը ընդդեմ իշխանության է հավաքվում:
Այս ամենից, ըստ նրա, իշխանությունը պետք է դասեր քաղի, համարժեք գնահատի իրավիճակը:
«Իսկ դրա դեպքում, բնականաբար, պետք են բանակցություններ, կոնսուլտացիաներ: Իշխանության նախաձեռնությունն է պետք, որ նստի և քննարկի, բայց չեմ կարծում, որ իրենք դա գիտակցում են: Նրանից որոշներն այնպես են քայլում, ոնց որ հաղթանակած լինեն, բայց եթե հաղթանակ էլ կա, դա պյուռոսյան հաղթանակ է, իսկ եթե պարտվող կա, ամբողջ ժողովուրդն է»,-ասաց նա: