14-02-2015 08:40

Սերժ Սարգսյանն իր հայտարարությամբ ավելի է սրում լարված մթնոլորտը. «Ժառանգություն»

«Ժառանգություն» կուսակցությունը դատապարտում է կեղծված ընտրությունների արդյունքում ՝ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած Սերժ Սարգսյանի փետրվարի 12-ի հայտարարությունը: Այդ մասին նշված է կուսակցության հայտարարության մեջ: «Ժառանգությունը» դատապարտում է Հայաստանի ներքաղաքական կյանքի և, մասնավորապես, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հասցեին հնչեցրած ոչ քաղաքական և անձը վիրավորող արտահայտությունները: «Դե ֆակտո Սերժ Սարգսյանն իր այս հայտարարությամբ ավելի է սրում իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում՝ առանց այդ էլ երկրում ստեղծված բավականին լարված մթնոլորտը: Գործող նախագահի ելույթի հետևանքով ներքաղաքական կյանքում հնարավոր ծայրահեղ զարգացումների ամբողջ պատասխանատվությունը ընկնում է իշխող «մեծամասնության» և անձամբ Սերժ Սարգսյանի վրա: «Ժառանգություն» կուսակցությունը, հավատարիմ մնալով իր սկզբունքներին, պայքարելու է քաղաքական և քաղաքացիական ազատությունների համար՝ հետամուտ լինելով պետականության ամրապնդման և հասարակության շահերի պաշտպանությանը», - նշված է կուսակցության հայտարարության մեջ: