Բավ է պառակտվել
17-05-2016 15:22

Մեր զինուժն իր խնդիրները կատարել է, մեզ հենց այսպիսի բանակ է պետք. Սերժ Սարգսյան

Հայաստանի ԶՈՒ-ն ապրիլյան քառօրյային կատարել է իր առաջ դրված խնդիրները. այս մասին այսօր հայտարարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը` պատասխանելով կողմերի հաղթանակի մասին լրագրողի հարցին` Վիեննայից օդանավով Հայաստան վերադառնալիս: «Եթե ուզում եք ասել, որ հաղթել ենք, կարող եմ ասել: Բայց Ճիշտ ձևակերպումն այն է, որ մեր Զինված ուժերը իր խնդիրը կատարել է, և տա Աստված, որ կատարի մշտապես, և կատարելու է»,-նշեց Սերժ Սարգսյանը՝ բացատրելով, որ հաղթանակը կամ պարտությունը պայմանավորված է նրանով, թե ինչ նպատակ ես դրել ու կարողացել ես հասնել դրան, թե՝ ոչ: Եվ քանի Սերժ Սարգսյանը մշտապես մեր Զինված ուժերի առաջ խնդիր է դրել թույլ չտալ ճակատի ճեղքում ու քայքայում, ապա նա արձանագրեց. «Այսինքն` ձախողել հակառակորդի ծրագրերը. կարծում եմ, բոլորդ էլ համոզվեցիք, որ Ադրբեջանի ծրագրերը ձախողվեցին, քանի որ մեր Զինված ուժերն ու մեր անվտանգության համակարգը այդ խնդիրը կատարեցին: Ինչպես ուզում եք կոչեք` ուզում եք ասեք մարդիկ արհեստավարժորեն կատարեցին իրենց առաջ դրված խնդիրը, իրենց կյանքի գնով պաշտպանեցին մեր հողը, ինչ ուզում եք ասեք, ես համարում եմ, որ մեր ԶՈՒ-ն խնդիրը կատարեց»: Անդրադառնալով տարածքների ու դիրքերի մասին խոսակցություններին, ՀՀ նախագահը նկատեց. «Դա ասում են մարդիկ, որոնք կամ կյանքում վառոդի հոդ չեն զգացել, կամ միգուցե զգացել են, բայց դրանից հետո երբեք հաղթական զեկույց չեն տվել։ Իսկ հիմա ուրիշների հաշվին ուզում են հայրենասեր երևալ և հավերժ պատերազմի կոչեր են անում»: ՀՀ Նախագահը նշեց, որ ապրիլյան քառօրյայի ժամանակ հայկական ուժերի կորցրած 800 հեկտարը ռազմավարական ու մարտավարական առումով որևէ նշանակություն չունի, որը, միգուցե, հոգեբանական առումով նշանակություն ունի: «Երբ ասում եմ` մեր ԶՈՒ-ն իր խնդիրները կատարել է, հավատացեք` մեր Զինված ուժերն ի վիճակի էր այս ստատուս քվոն վերականգնել: Ընտրության խնդիր էր. արդյո՞ք արժեր այդ 800 հեկտարի համար զոհել 35-40-80 հայրենասեր տղաների»,- հարցադրում արեց ՀՀ Նախագահը: Սերժ Սարգսյանը հավելեց` մեզ պետք չէ հավերժ պատերազմ, մեզ պետք է ԶՈՒ, որը վստահաբար կկատարի իր առաջ դրված խնդիրները: ՀՀ Նախագահը նաև խոսեց այն մթնոլորտի մասին, որ կար այս օրերին, երբ ողջ աշխարհից կամավորներ էին ուզում գնալ առաջին գիծ. «Միգուցե նրանք չկարողանային ռազմական խնդիրներ լուծել , բայց նրանց գոյությունը թիկունքում զգալը` մեծ բան է»: