Բավ է պառակտվել
30-06-2016 08:53

Արցախը Ադրբեջանի կազմում չի կարող լինել

Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունները միայն կվնասեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը, Երևանում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը

«Նմանատիպ հայտարարությունները չեն նպաստում բանակցային գործընթացին»,- ասաց Հայաստանի ԱԳՆ ղեկավարը։

Նրա խոսքով` բանակցությունների ընթացքում չի քննարկվում Ղարաբաղը Ադրբեջանի կազմում լինելու հարցը։

«Ինչպես բազմաթիվ անգամ ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, այդ հարցը պետք է լուծեն Ղարաբաղի բնակիչները։ Հայաստանը կիսում է նրանց կարծիքը։ Իսկ ադրբեջանական կողմի հայտարարությունները հիմք չունեն»,- ասաց Նալբանդյանը։

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի` միջնորդներին չխանգարելու կոչին, ապա ըստ Նալբանդյանի` այն ակնհայտորեն Հայաստանին չի վերաբերում, քանի որ հայկական կողմը բազմաթիվ անգամ է հայտարարել սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմներ ներդնելու անհրաժեշտության մասին։ Իսկ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները համակարծիք են այս հարցում։

Նախարարի խոսքով` Ադրբեջանը փորձում է համոզել միջազգային հանրությանը, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի արտգործնախարարները խորամանկում են, երբ հայտարարում են Կասպրշիկի լիազորություններն ընդլայնելու պայմանավորվածության մասին։