21-02-2017 20:06

Մոտ ժամանակներս մենք կկարողանանք հայտարարել ՀՀ-ԵՄ բանակցությունների ավարտի մասին. Նալբանդյան

Հայաստանը մոտեցել է Եվրամիության հետ նոր համաձայնագիր ստորագրման փուլին. Այս մասին գերմանական «Deutsche Welle» պարբերականի հետ զրույցում հայտնել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
«2015թ. դեկտեմբերին մենք Ֆեդերիկա Մոգերինիի հետ տվեցինք այդ բանակցությունների մեկնարկը և այս ընթացքում տեղի է ունեցել բանակցությունների ութ փուլ: Դրանք բավական հաջող են ընթանում, և մենք մոտեցել ենք եզրափակիչ փուլին: Ենթադրում եմ, որ մոտ ժամանակներս մենք կկարողանանք հայտարարել բանակցությունների ավարտի մասին»,-Նալբանդյանի խոսքերն է ներկայացրել ՀՀ ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը:
ՀՀ ԱԳՆ ղեկավարի խոսքերով, դրանից հետո սպասվում է ևս մի քանի փուլ՝ մասնավորապես համաձայնեցում միության մյուս անդամների հետ, համաձայնագրի նախաստորագրում և ստորագրում:
«Այս համաձայնագիրը կարտացոլի հարաբերությունների այն բարձր մակարդակը, խորություննու ծավալը, որը մենք այսօր ունենք ԵՄ-ի հետ, և այն հեռանկարները, այն հնարավորությունները, որոնք երկու կողմերը՝ նկատի ունեն ամենատարբեր ոլորտներում հետագա համագործակցության տեսանկյունից: Մենք շատ հետաքրքրված ենք դրանում, և նույն վերաբերմունքը տեսնում ենք ԵՄ-ի կողմից»,- նշել է Նալբանդյանը:
Պատասխանելով հարցին՝ արդյոք Երևանը համաձայնագրի վերաբերյալ խորհրդակցու՞մ է ռուսական իշխանությունների հետ, նախարարը նշել է, որ Հայաստանը բաց բանակցություններ է վարում ԵՄ-ի և այլ գործընկերների հետ, ընդգծելով, որ Հայաստանի քաղաքականությունն ու դիվանագիտությունը թափանցիկ են:
«Մենք որևէ մեկի թիկունքում բանակցություններ չենք վարում: Մեր նախագահը և ես՝ իբրև արտաքին գործերի նախարար, բազմիցս ենք հարցազրույցներ տվել, և մամուլի ասուլիսներին խոսել Եվրոպական Միության հետ նախապատրաստվող համաձայնագրի վերաբերյալ: Այնպես որ չկա մի բան, որի մասին մենք բաց հայտարարած չլինենք»,- հավելել է Նալբանդյանը:
Միևնույն ժամանակ պատասխանելով հարցին՝ արդյոք ԵՄ-ի հետ Հայաստանի ասոցացման նախորդ համաձայնագրի ստորագրման փորձի ձախողումը կապված չէ՞ր ՀՀ նախագահի ՌԴ կատարած այցի հետ, Նալբանդյանն ընդգծել է, որ դա այդքան էլ այդպես չէ:
« Մենք բանակցություններ էինք վարում, և արդեն գտնվում էինք Եվրոպական Միության հետ ասոցիատիվ համագործակցության եզրափակիչ փուլում: Միևնույն ժամանակ մենք հայտարարում էինք, որ Հայաստանը ուզում է լինել Մաքսային Միությունում, որը արդյունքում վերափոխվեց Եվրասիական տնտեսական միության: Սակայն, ոչ թե առարկություններ եղան, այլ մեզ հասկացրին, որ դա իրականացնելը բարդ է, քանի որ մենք չունենք ընդհանուր սահմաններ, և որ գտնվել մեկ մաքսային միությունում՝ չունենալով ընդհանուր սահմաններ՝ անհնար է»,- նշել է նախարարը:
Արդյունքում, Նալբանդյանի խոսքերով, ստեղծվեց փորձագետների համապատասխան աշխատանքային խումբ, որը ուսումնասիրեց այդ իրավիճակը, և եկավ այն եզրահանգման, որ Հայաստանի անդամակցումը Մաքսային և ստեղծվող Եվրասիական միությանը հնարավոր է:
Ծրագրվում էր, որ 2013 թ. նոյեմբերին « Արևելյան գործընկերության» վիլնյուսյան գագաթնաժողովին Երևանը ԵՄ-ի հետ կստորագրի Ազատ առևտրի գոտու ասոցիատիվ պայմանագիր: Սակայն, դրանից ընդամենը երկու ամիս առաջ Հայաստանը հայտարարեց Մաքսային միությանը անդամակցելու և Եվրասիական ինտեգրացիային մասնակցելու իր մտադրության մասին: Հայաստանը 2015 թ. հունվարից անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը:
Չնայած դրան, 2015թ. հոկտեմբերի 12-ին Լյուքսեմբուրգում ԱԳ նախարարների մակարդակով նիստի ժամանակ ԵՄ Խորհուրդը Եվրահանձնաժողովին լիազորեց բանակցություններ սկսել Հայաստանի հետ նոր բազմակողմանի համաձայնագրի վերաբերյալ, որը կփոխարինի ԵՄ-ի և ՀՀ-ի միջև գործընկերության և համագործակցության մասին գործող համաձայնագրին: