Բավ է պառակտվել
08-12-2014 14:43

ԱԳ նախարարը հանդիպել է Եվրոպայում Հայաստանի դեսպանների հետ

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Փարիզում դեկտեմբերի 6-ին անցկացրել է եվրոպական երկրներում և միջազգային կազմակերպություններում հավատարմագրված Հայաստանի դեսպանների և մշտական ներկայացուցիչների ավանդական խորհրդակցությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Խորհրդակցությանն անդրադարձ է արվել հունիսին Երևանում կայացած ԱԳՆ կենտրոնական ապարատի և դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների խորհրդակցությանը Հանրապետության նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարմանը։ Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները ներկայացրել է իրենց հավատարմագրման երկրներում և միջազգային կազմակերպություններում ընթացող գործընթացներն ու Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման նպատակով ձեռնարկվող քայլերը: Էդվարդ Նալբանդյանը դեսպանների հետ քննարկել է Հայաստանի արտաքին քաղաքական բնագավառում տեղի ունեցած վերջին զարգացումները, ամփոփել է 2014թ. կատարված աշխատանքները, նախօրեին Բազելում տեղի ունեցած ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի արդյունքները և համապատասխան հանձնարարականներ տվել՝ հաջորդ տարի իրականացվելիք աշխատանքների վերաբերյալ: Հանդիպման օրակարգում է եղել ադրբեջանական կողմից սադրիչ գործողությունների հետևանքով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակը և Հայաստանի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ ջանքերը՝ ուղղված հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը։ Խորհրդակցության մասնակիցները անդրադարձել են Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպմանը։ Խորհրդակցության մասնակիցները հանգամանալից քննարկել են արտաքին տնտեսական քաղաքականության ուղղությամբ դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքները, գործընկեր երկրների հետ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման նպատակով իրականացվող քայլերը։ Հանդիպմանը հատուկ ընդգծվել է եվրոպական երկրների և կառույցների հետ քաղաքական երկխոսության առավել զարգացման կարևորությունը, անդրադարձ է արվել դեսպանությունների գործունեության՝ միջխորհրդարանական կապերի զարգացմանը, ապակենտրոնացված համագործակցության ընդլայնմանը, տեղեկատվական դաշտում և դեսպանընկալ երկրների հասարակական կառույցների հետ աշխատանքներին։