19-12-2014 15:32

Արտգործնախարարը հանդիպեց ԵՄ խորհրդարանի փոխնախագահին

Դեկտեմբերի 19-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ռիչարդ Չառնեցկիին: Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը կարևորեց Եվրոպական միության հետ համակողմանի փոխգործակցության զարգացումը՝ 2013թ. Վիլնյուսի գագաթաժողովի շրջանակներում ընդունված Հայաստան - ԵՄ համատեղ հայտարարությանը համապատասխան։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Ռիչարդ Չառնեցկին նշեց, որ Եվրախորհրդարանը կարևորում է ԵՄ - Հայաստան համագործակցության ամրապնդումը և շարունակելու է աջակցությունը այդ ուղղությամբ գործադրվող ջանքերին։ Կողմերն անդրադարձան Հայաստան - Եվրոպական միություն փոխգործակցության հարցերին, Արևելյան գործընկերության, Եվրանեսթի շրջանակներում իրականացվող աշխատանքներին։ Այս համատեքստում զրուցակիցները կարևորեցին ԵՄ աջակցությունը` Հայաստանում իրականացվող բարեփոխումներին: Հայաստանի արտգործնախարարն ու Եվրախորհրդարանի փոխնախագահը մտքեր փոխանակեցին միջազգային ու տարածաշրջանային մի շարք հրատապ խնդիրների շուրջ: