Բավ է պառակտվել
28-11-2017 12:51

Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել իրանցի գործընկերոջը՝ ղարաբաղյան հարցում ունեցած դիրքորոշման համար

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆից՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում դրսևորած սկզբունքային և հավասարակշռված դիրքորոշման համար:
« Մեր այսօրվա հանդիպման ընթացքում ես պարոն Զարիֆին եմ ներկայացրել ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված Հայաստանի ջանքերը»,- այսօր՝ նոյեմբերի 28-ին, Իրանի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո նշել է Նալբանդյանը:
Նա ասել է, որ այս համատեքստում կողմերն ընդգծել են միջազգային իրավունքի հիման վրա ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ Իրանի հավասարակշռված, սկզբունքային դիրքորոշման կարևորությունը:
ՀՀ ԱԳՆ ղեկավարը նաև ավելացրել է, որ Հայաստանն ու Իրանը ունեն բարեկամական և փոխշահավետ հարաբերություններ՝ հիմնված երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա:
Նա նշել է, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին կարելի է գոհունակությամբ ասել, որ հայ-իրանական հարաբերությունները զարգանում են դինամիկ կերպով, ընդգրկելով նորանոր ոլորտներ:
«Այնուամենայնիվ, մենք գիտակցում ենք, որ դեռևս մեծ ներուժ կա, և մենք տրամադրված ենք աշխատել` միասնական ջանքերով խորացնելու, ընդլայնելու և ամրապնդելու համար երկկողմ հարաբերությունները », - ասել է Նալբանդյանը:
Զարիֆն իր հերթին շնորհակալություն է հայտնել հայկական կողմին՝ միջազգային հարթակներում Իրանի դիրքորոշմանը աջակցելու համար:
«Մենք շնորհակալ ենք Հայաստանին` միջազգային հարթակներում Իրանի սկզբունքներին աջակցելու, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանությանն ուղղված համատեղ աշխատանքի համար», - ընդգծել է Զարիֆը: