Բավ է պառակտվել
02-05-2016 15:07

Ժամանակն է, որ միջազգային հանրությունը Բաքվին կարգի հրավիրի. Նալբանդյան

Վաղուց ժամանակն է, որպեսզի միջազգային հանրությունը հստակ քայլեր ձեռնարկի Ադրբեջանին կարգի հրավիրելու նպատակով: Այս մասին, այսօր՝ մայիսի 2-ին, Ֆինլանդիայի փոխվարչապետ, արտգործնախարար Թիմո Սոինիի հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, որն այդ երկրում է պաշտոնական այցով:

ԱԳՆ-ից  հայտնում են, որ Հայաստանի արտգործնախարարը Ֆինլանդիայի իր գործընկերոջը ներկայացրել է Արցախի դեմ ապրիլի սկզբին Ադրբեջանի ագրեսիվ ռազմական գործողությունների սանձազերծումն ու դրա հետևանքների հաղթահարմանն ուղղված՝ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը։

Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ չնայած 1994 և 1995թթ. զինադադարի եռակողմ համաձայնագրերը անվերապահորեն հարգելու վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների և միջազգային հանրության հորդորներին, Ադրբեջանը շարունակում է հրադադարի խախտումները` շփման գծի ողջ երկայնքով կենտրոնացնելով ծանր զինտեխնիկա և զորքեր, էլ ավելի ուժգնացնելով իր ռազմատենչ հռետորաբանությունը և իրականացնելով սադրիչ քարոզչություն միջազգային հարթակում` փորձելով հայկական կողմերին մեղադրել այն ամենում, ինչը հենց ինքն է անում և այդպիսով փորձելով հող նախապատրաստել նոր ռազմական հարձակումների համար, որոնք կարող են ունենալ անկանխատեսելի բացասական հետևանքներ ամբողջ տարածաշրջանի համար:

Նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը հանձնառու է հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը, իսկ այլընտրանք չունեցող բանակցությունների վերսկսման համար անհրաժեշտ պայմաններ ձևավորելու նպատակով հարկավոր է կյանքի կոչել համանախագահների առաջարկը` միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման վերաբերյալ, և երաշխավորել 1994 և 1995թթ. զինադադարի եռակողմ անժամկետ համաձայնագրերի անվերապահ կատարումը:

Թիմո Սոինին այս առումով ընդգծել է, որ Ֆինլանդիան ամբողջովին սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը և բանակցությունների համար համապատասխան մթնոլորտ ապահովելուն ուղղված նրանց նախաձեռնությունները։ Ֆինլանդիայի արտգործնախարարը հավելեց, որ ղարաբաղյան հիմնախնդիրը կարող է կարգավորվել միայն խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով։