25-02-2014 19:05

՛՛Հանրապետական՛՛ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանը ամոթանք տվեց ԱԺ-ում հայհոյող պարոնայքին

ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանը այսօր ԱԺ հայտարարությունների ժամին անդրադարձավ երեկ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանի արտահայտությանը։ Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Երեկ այս դահլիճում խոսափողից հայհոյանք հնչեց: Բացատրվեց, որ ի պատասխան է մեկ այլ բառի, որը վիրավորական էր: Հայհոյանք չէր. բայց վիրավորական էր: Դրան պատասխանվեց բացահայտ հայհոյանքով: Իհարկե, հայհոյանքից առաջ «եթե» կար, ու մյուս կողմը կարողացավ ավելի բարձր կանգնել ու հայտարարել, որ եթե-ներին չի պատասխանի:
Բայց դա ինձ չի սփոփում, քանի որ երեկ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում հրապարակավ հայհոյել են: Տիկին Հերմինե Նաղդալյանի ներկայությամբ, տիկին Նաիրա Զոհրաբյանի ներկայությամբ, տիկին Լյուդմիլա Սարգսյանի ներկայությամբ, իմ կողմից շատ հարգված մյուս տիկնանց ներկայությամբ: Դահլիճում գտնվող երեխաների ու երիտասարդ լրագրողուհիների ներկայությամբ:
Առանձին հեռուստաընկերություններ հայհոյանքը բառացի հեռարձակել են: Իրենք էլ են երևի «տղա»: Ու շատ շատերը լսեցին, որ Ազգային Ժողովում հայհոյել են:
Մի բան կասեմ միայն: Ժամանակը շատ դաժան հատկություն ունի: Նա անողոքաբար ոչնչացնում է փաթեթավորումը ու պահում միայն էությունը: Ժամանակ կանցնի, ու այս ամենից միայն կմնա, որ այսինչ անհատը այսինչ հայհոյանքն է հնչեցրել խորհրդարանում: Ամեն ինչ կանցնի, բանավեճը կմոռացվի, աքլորանալը հիմարություն կդառնա, նույնիսկ հասունացնի հոգու հետևում «պսակված» լինելը չի հիշվի. կհիշվի միայն, որ ՀՀ Ազգային ժողովում այսինչը հայհոյել է:
Սրա հետ հարկ կլինի ապրել: Շատ երկար: Իհարկե, պատասխան տալու կարիք էլ կլինի: Շատ երկար:
Կյանքը պահային էյֆորիաներ չի: Ավելի երկար ու ավելի բարդ է: Իսկ մեր նման հասարակություններում հայհոյանքը դժվար են մոռանում:
Նողկալի է պարոնայք: Նողկալի»: