Բավ է պառակտվել
07-04-2016 09:58

ԼՂ-ն բանակցային կողմերից մեկն է. Դավիթ Բաբայան

 ԵԱՀԿ Մինսկի խումբը կայցելի Լեռնային Ղարաբաղ: Այս մասին Ստեփանակերտում, ԼՂՀ պաշտպանության նախարարության օպերատիվ իրազեկման կենտրոնում հայտարարեց ԼՂ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը:

Ըստ նրա՝ եվրոպացի բարեկամները վերջերս ավելի լավ են հասկանում պատերազմական դրությունը, քանի որ իրենք են դարձել դրա զոհը:
«Տեսնում եք՝ ինչ է կատարվել Փարիզում, ինչ եղավ Բրյուսելում։ Տա Աստված, որ այլևս որևէ տեղ չլինի ահաբեկչություն… Ողջամիտ մարդիկ հասկանում են՝ ինչ է կատարվում, ավելի լավ են սկսել հասկանալ մեր մոտեցումները, քանի որ առնչվում ենք ահաբեկչական պետության հետ»,- նշեց Դավիթ Բաբայանը:
Օտարերկրացի լրագրողներից մեկի հարցին՝ արդյո՞ք ժամանակավոր հրադադարի մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել նաև Ղարաբաղի համաձայնությամբ, Դավիթ Բաբայանը պատասխանեց, թե բանակցային ֆորմատը խեղաթյուրված է, քանի որ Արցախը բանակցային կողմ չէ: «Այն ինչ կա, դա շատ նման է բանակցային գործընթացին: Մենք գիտեք, որ ունենք խեղաթյուրված ձևաչափ: Բանակցային երեք կողմ կա, ավելի շուտ՝ երկուսն են՝ Ադրբեջանն ու Հայաստանը, իսկ Արցախը ներգրավված չէ։ Բայց Ղարաբաղը մասնակցում է բանակցություններին, այստեղ են գալիս Մինսկի խմբի համանախագահները, հանդիպում ենք, քննարկում ենք… Եթե վերցնենք զուտ ֆորմալ, իրավական մասը, համաձայնությունը ձեռք է բերվել Հայաստանի և Ադրբեջանի միջև, բայց քանի որ մենք ենք համաձայնության իրագործողը, բնական է, որ մենք էլ հանդիսանում ենք կողմերից մեկը»,- շեշտեց ԼՂ նախագահի խոսնակը: