Բավ է պառակտվել
25-10-2016 14:04

Հուսով ենք, որ նախագահները կկարողանան հանդիպել. Ջեյմս Ուորլիք

Մենք հույս ունենք, որ երկխոսությունը կշարունակվի ամենաբարձր մակարդակով, և հուսով ենք, որ նախագահները կկարողանան հանդիպել ու շարունակել այս քննարկումները: Այդ մասին Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«Մենք եկել ենք տարածաշրջան մի քանի պատճառով»,- ասաց Ջեյմս Ուորլիքը՝ խոսելով համանախագահների այցի նպատակների մասին: «Առաջին նպատակը խոսելն էր հրադադարի ռեժիմը հարգելու մասին, և մենք ուրախ ենք, որ հիմնականում ապրիլից ի վեր հրադադարի ռեժիմը պահպանվել է: Ես գիտեմ, որ եղել են զոհեր և մենք ցանկանում էինք խոսել կողմերի հետ այդ միջադեպերի մասին և շփման գծի երկայնքով ու Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով լարվածությունների մասին»,– ասաց նա:

Ամերիկացի համանախագահը նշեց, որ համանախագահների այցի երկրորդ նպատակը Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած վեհաժողովների ժամանակ նախագահների կողմից կայացված որոշումներին հետամուտ լինելն է եղել:

«Սա հնարավորություն է եղել խոսելու այս համաձայնությունների իրականացման մասին, և մենք անշուշտ կշարունակենք այդ քննարկումները այսօր նախագահ Սարգսյանի հետ»,- ասաց նա:

Ջեյմս Ուորլիքի խոսքով՝ այցի երրորդ նպատակը տևական խաղաղության ուղղությամբ իրենց՝ որպես միջնորդների աշխատանքն է եղել:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները այցով գտնվում են տարածաշրջանում: Նրանք նախ այցելել են Բաքու, որտեղ հանդիպումներ են ունեցել Ադրբեջանի նախագահի և արտգործնախարարի հետ, այնուհետև այցելել են Ղարաբաղ, որտեղ հանդիպել են տեղի իշխանությունների հետ: